Մայիսի 3-ին, օգտվելով սահամադրական իրավունքից, արցախցիները 6-րդ անգամ երկրում անցկացրին Ազգային ժողովի ընտրություններ: Ու, եթե հինգ տարի առաջ ընտրված պատգամավորներին իարվունք էր վերապահվում խորհրդարանական գործունեությունը համատեղել գերատեսչական, գիտական, մանկավարժական աշխատանքների կամ բիզնեսի հետ, ապա նոր ձևավորվող խորհրդարանն ըստ ԼՂՀ նոր ընտրական օրենսգրքի, զգալիորեն տարբերվելու է նախորդից` բացառապես գործելու է մշտական հիմունքներով և բնականաբար, գլխավոր առանձնահատկություններից մեկը կհանդիսանա Ազգային ժողովում` արժեստավարժ անձանց համալրումը: Այս պահանջը պետք է լավ գիտակցեն ոչ միայն քաղաքական ուժերը, որոնք ներկայացված են համամասնական և մեծամասնական ընտակարգով ու ակտիվ մրցապայքարի մեջ են գտնվում, այլև հենց ընտրողները, որոնց քվեարկությունն է կանխորոշելու ընտրությունների ելքը, ապագա խորհրդարանի ճակատագիրը:
Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններին մասնակցել և 33 մանդատների համար վիճարկել են մեծամասնական ընտրակարգով գրանցված 42 և համամասնական ընտրակարգով` 7 կուսակցությունների 164 թեկնածուներ: Ասել է թե 2010թ. խորհրդարանական ընտրությունների համեմատ գրեթե կրկնապատկվել է թեկնածուների թիվը: Հանրապետությունում կազմավորվել են 279 տեղամասային ընտրական հանձնաժողովներ /որոնցից` մեկական` Երևան քաղաքում և քրեակատարողական հիմնարկում/: Պաշտոնական տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցելու իրավունք է վերապահված 99 հազար 856 ընտրողների: Ինչպես ակնհայտ դարձավ ԼՂՀ արտգործնախարարության և ԿԸՀ-ի տրամադրած տվյալներից, նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ զգալիորեն ընդլայնվել է դիտորդական առաքելության իրականացնող երկրների աշխարհագրությունը: ԱԺ ընտրությունների ընթացքին հետևում էին ավելի քան 25 երկրներից ժամանած միջազգային շուրջ 100 /այդ թվում` ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Չեխիայից, Բուլղարիայից, Ավստրալիայից, Բելգիայից, Լյուքսեմբուրգից, Զիմբաբվեից/ և 140-ից ավելի տեղական դիտորդներ: Ընտրությունները լուսաբանում էին արտերկրի և Հայաստանի գրեթե 40 լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Առավոտյան ժամը 8-ին, երբ մայրաքաղաք Ստեփանակերտի ընտրական տեղամասերում դեռ նոր էր մեկնարկել քվերակությունը, շոշափելի աշխուժություն էր տիրում և մարդիկ եռանդով էին շտապում քաղաքացիական իրենց իրավունքն իրականացնելու:
ԼՂՀ խորհրդարանի նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանը, ով քվեարկել է մայրաքաղաքի 1/8 ընտրական տեղամասում, ճեպազրույցի ժամանակ ընդգծել է, թե երկրի, ժողովրդի համար առաջնահերթ համարելով խաղաղությունն ու կայունությունը, համոզված է, որ խորհրդարանական ընտրությունների հաջող ելքը կնպաստի երկրում ժողովրդավարական գործընթացների առավել ակտիվ ծավալմանը և միջազգային կառույցների, մասնավորապես` այլ պետությունների խորհրդարանների հետ կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը, Արցախի ինքնորոշման ճանաչմանը: Այն հարցին, թե ինչ փոփոխություններ են սպասվում խորհրդարանում և, արդյոք, ուժերի համամասնությունը կփոխվի՞, այդ առնչությամբ Ա.Ղուլյանն ասաց. «Հավանաբար որոշ փոփոխություններ կլինեն, սակայն իր համոզմամբ, հիմնական դասավորվածությունը երևի կպահպանվի»: ԱԺ ղեկավարը գնահատական տվեց և նախընտրական գործընթացին: «Այս ընտրությունները նախորդների համեմատ ավելի մրցակցային են և քարոզարշավի ժամանակ զգացվում էր քաղաքական դաշտի ակտիվությունը: – Նախընտրական մրցակցությունը, թվում է, բացահայտել է քաղաքական բոլոր ուժերի հնարավորությունները և այդ տեսակետից, սահմանափակումներ գրեթե չեն եղել, – նշեց պարոն Ղուլյանը: -Մնում է ենթադրել, որ քաղաքական դաշտն ավելի լայն ներկայացված կլինի 6-րդ գումարման խորհրդարանում»:
Ի պատասխան այն հարցի, ինչպես կբացատրեր, երբ ընտրարշավի ժամանակ որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ ընտրողներին կոչ էին անում քվեարկել բացառապես իրենց քաղաքական ուժերի օգտին, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը «բավարարվում էր» պարզապես ընտրություններին ակտիվորեն մասնակցելու խնդրանք-կոչով: Ա.Ղուլյանն այդ առնչությամբ ասաց. «Իմ կարծիքով հիմնականում հաջողվել է պահպանել քաղաքակիրթ մրցակցության կանոնները: Միևնույն ժամանակ դրսևորվել են ոչ դրական երևույթներ, որոնք անընդունելի են ԱԺԿ-ի համար: Նախընտրական արշավը մեկնարկելուց առաջ ես կուսակցություններին առաջարկել էի հուշագիր ստորագրել ազատ և արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, սակայն մրցակիցների կողմից այդ ուղղությամբ այդպես ոչ մի քայլ չարվեց: Գտնում եմ, որ քարոզարշավը հրմշտոցի խաղ չէ` «առաջնությունում» տեղ գրավելու համար և մրցապայքարում պետք է առաջնորդվել բացառապես արդարության և սկզբունքայնության, բարեկրթության կանոններով»:
Ըստ ԿԸՀ-ի նախագահ Ս.Արզումանյանի, նախնական տվյալներով քվերակությանը մասնակցել են 72.039 ընտրողներ կամ ընրելու իրավունք ունեցող քաղաքացիների 70.6 տոկոսը: Իսկ դա նշանակում է, որ խորհրդարանական ընտրություններն Արցախում կայացել են: