ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանն ու Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավորներ Դավիթ Մելքումյանի եւ Գեղամ Ստեփանյանի հետ:
Լիլիթ Մակունցը, ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում, ընդգծել է Արցախի նորընտիր խորհրդարանի քաղաքական ուժերի հետ տարբեր ոլորտներում համագործակցության կարեւորությունը, միասնական աշխատանքային օրակարգ ձեւավորելու անհրաժեշտությունը:
Խմբակցության ղեկավարը նաեւ կարեոր է համարել երկու երկրների խորհրդարանականների միջեւ ոչ պաշտոնական հանդիպումները, որոնց ընթացքում քննարկման առարկա են դառնում բազմաբնույթ հարցեր:
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը խոսել է Արցախի երիտասարդության առջեւ ծառացած խնդիրներից, շեշտադրել է նրանց համար ուսումնառության եւ աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծման կարեւորությունը:
Նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Արցախի բուհական համակարգին, կարեւորել բուհերի դասավանդման գործընթացում որակյալ մասնագետների ներգրավումը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կարեւոր ձեռքբերում է համարել այն հանգամանքը, որ այսօր շատերը ցանկանում են իրենց զինվորական պարտքը կատարել Արցախի Հանրապետությունում, ինչն, ըստ նրա, նաեւ անվտանգային խնդրի լուծում է: