Սեպտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների ու հանձնաժողովների նախագահների հետ:
Ողջունելով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը՝ Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել նման ձևաչափով հանդիպման համար, կարևորելով երկու խորհրդարանների միջև շփումների պարբերականությունը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այս ձևաչափը կարող է նոր հարթակ դառնալ խմբակցությունների և հանձնաժողովների միջև թեմատիկ քննարկումների համար՝ նպաստելով համազգային օրակարգի հարցերի ընդլայնմանը, խնդիրների վերանայմանը և նոր լուծումների առաջարկմանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը երկու խորհրդարանների համատեղ աշխատանքի մեկնարկը գնահատել է հաջող եւ հույս հայտնել, որ առաջիկա տարիներին ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության արդյունքում կհաջողվի նոր որակ հաղորդել Արցախի խորհրդարանի օրինաստեղծ գործունեությանը: Այս համատեքստում նա կարեւորել է փոխայցելությունները ԱԺ նախագահների, խմբակցությունների, հանձնաժողովների մակարդակով: