ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում հանդիպել են Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավորներ Դավիթ Մելքումյանի եւ Գեղամ Ստեփանյանի հետ:
Գործընկերները կարեւորել են երկու հայկական պետությունների միջեւ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, անդրադարձել քաղաքական, տնտեսական, արտաքին հարաբերությունների ոլորտներում համագործակցության հարցին:
Մտքեր են փոխանակվել Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշել է, որ խնդրի վերաբերյալ իրենց կուսակցությունն ունի հստակ դիրքորոշում, ըստ որի՝ «Արցախի հիմնախնդիր» արտահայտություն գոյություն չունի, քանզի կա Արցախի Հանրապետություն՝ քաղաքական միավոր իր բոլոր ինստիտուտներով, որոնք միջազգային խոշորագույն վերլուծական կենտրոնների կողմից ժողովրդավարության առումով շատ ավելի բարձր են գնահատվում, քան, օրինակ, Թուրքիան կամ Ադրբեջանը:
«Հայ ժողովուրդն Արցախի հիմնախնդիրը լուծել է»,-ասել է Արման Աբովյանը՝ հավելելով, որ խնդրի կարգավորման անհերքելի ճանապարհն Արցախի դե ֆակտո անկախության դե յուրե լեգիտիմիզացիան է, որը պետք է դիտարկել որպես բանակցությունների գործընթացի հիմք: