Քարոզարշավի շրջանակներում հանրապետության բնակավայրերում շարունակվում են նախընտրական հանդիպումները հասարակության ներկայացուցիչների հետ: Մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ինչպես են նախապատրաստվում Արցախի ժողովրդավարական կուսակցության շրջանային /տարածքային/ կառույցներն ու շտաբերը, կուսակցությունն ինչպիսի մարտավարություն է մշակել ընտրությունների թափանցիկությունն ապահովելու, հանդիպումների ժամանակ անկաշկանդ ու արդյունավետ երկխոսություն ծավալելու, ընտրողների վստահությունը նվաճելու և ԱԺԿ վարկանիշը բարձր պահելու համար: Որոնք են այն առաջնահերթ խնդիրները, որոնք այսօր ծառացած են կուսակցության առաջ:
Այս ամենի մասին հանգամանորեն կուսակցություն ծավալվեց ապրիլի 22-ին հրավիրված ԱԺԿ Կենտրոնական խորհրդի նիստում, որին ներկա էին խորհրդի անդամները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ, համամասնական և մեծամասնական ընտրացուցակներով առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածուներ:
Իր խոսքում կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանը, քաղաքական տեսանկյունից կարևորելով ընտրությունների նշանակությունը` մշտական հիմունքներով գործող խորհրդարանի ձևավորման գործում, ավելորդ չհամարեց ընդգծել, որ միմիայն արդար ընտրությունների կազմակերպման, քաղաքական ուժերի և բարեկիրթ մրցակցության պայմաններում հնարավոր կլինի պատգամավորների ընտրանի ապահովել և արդարացնել ժողովրդի ակնկալիքները: Պարոն Ղուլյանը նշեց, թե իր համոզմամբ, ընտրողների ճնշող մեծամասնությունը հասկանում է այդ պահանջը և շահագրգռված է, որպեսզի Արցախի նոր պառլամենտը որակական հատկանիշներով գերզանցի նախորդներին և նրանում ընդգրկվեն առավել արժանավորները:
Նա միաժամանակ մտահոգություն հայտնեց, որ նպատակ ունենալով իրենց օգտին «լրացուցիչ» ընտրաձայներ կորզել, քաղաքական որոշ ուժերի կողմից փորձեր են արվում ընտրողների վրա ճնշումներ գործադրելու ուղղությամբ` ընդհուպ գործի դնելով «սև տեխնոլոգիաները»: ԱԺԿ ղեկավարը խստորեն դատապարտելով նման քայլերը, շեշտեց, թե կուսակցության համար անընդունելի է, «խաղի նման կանոնների կիրառումը» և ԱԺԿ-ն բացառապես բարեկիրթ մրցակցության, ընտրական գործընթացի շրջանակներում` քարոզարշավի պահանջների խստիվ պահպանման կողմնակից է:
«Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, նախընտրում է ազնիվ և անաչառ պայքարը և ժողովրդի վստահությունը ստանալու դեպքում` պատրաստ է ներկայացնելու հանրության շահերը, իր ներուժը ծառայեցնելու Արցախին, նրա ժողովրդին», – ասաց Աշոտ Ղուլյանը, ավելորդ չհամարելով ընդգծել, որ ԱԺԿ-ն առաջնորդվում է «Ժողովրդի կամքով հանուն ժողովրդի» սկզբունքով:
Վերջում Կենտրոնական խորհրդի անդամներն հանդես եկան մի շարք առաջարկություններով: Նիստի աշխատանքներն ամփոփեց ԱԺԿ նախագահ Ա.Ղուլյանը: