Ընտրարշավը հատում է եզրագիծը

Հաշված օրեր են մնում ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին։ Իսկ դա նշանակում է, որ նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին, եւ համամասնական ու մեծամասնական ընտրացուցակներով առաջադրված պատգամավորության թեկնածուներին քիչ ժամանակ է մնում՝ իրենց լիարժեք դրսեւորելու, գաղափարախոսական նոր բաղադրիչներ ավելացնելու եւ ընտրողների վստահությունը շահելու համար։ Դա ավելի լավ են գիտակցում քաղաքական կուսակցությունները, որոնցից յուրաքանչյուրը ծավալված պայքարում փորձում է ապացուցել իր առավելությունը եւ ընտրությունների ժամանակ անհրաժեշտ ձայներ ստանալ։

Դատելով քարոզարշավի ընթացքից, ինչպես նաեւ հաշվի անելով շրջանառվող հասարակական կարծիքը, երկրում, ընդհանուր առմամբ կազմակերպված, օրենքի շրջանակներում են ընթանում ընտրողների հանդիպումները եւ, ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը տեղեկացրեց լրագրողներին, «քարոզարշավն անցնում է առանց լուրջ միջադեպերի»։ Միեւնույն ժամանակ չի կարելի անտեսել այն բացերը, որոնք երբեմն արդարացի դժգոհությունների առիթ են տալիս։

Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների քաղաքական նշանակությանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, ինչպես նաեւ դատավարական համակարգի եւ ԿԸՀ—ի պատասխանատուների հետ կայացած խորհրդակցության ժամանակ ընդգծել է, որ քաղաքական ուժերը, հասարակության ներկայացուցիչներն առկա երեւույթների վերաբերյալ, բնականաբար, տարբեր կարծիքներ կարող են ունենալ։ Սակայն այդ ամենը պիտի դրսեւորվի քաղաքակիրթ ձեւով, փոխադարձ հարգանքի մթնոլորտում. «Մեր ժողովրդի համար խորթ են ամբոխավարությունն ու քաղաքական հիստերիան, եւ հավատացած եմ, որ այս յուրահատկությունը մեծապես կնպաստի ներքաղաքական կայունությանն ու առողջ մրցակցությանը»։

ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի խոսքով՝ Արցախում անցկացված բոլոր ընտրություններն աչքի են ընկել իրենց կազմակերպվածությամբ ու միշտ արժանացել միջազգային դիտորդների հավանությանը։ Նա հավատացած է, որ մայիսի 3—ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները եւս բացառություն չեն կազմի։ Կարեւորելով հերթական համապետական միջոցառման քաղաքական նշանակությունը՝ ժողովրդավարական արժեքների պահպանման, պետականության ամրապնդման, մշտական հիմունքներով գործող խորհրդարանի ձեւավորման գործում, Ա.Ղուլյանը գտնում է, որ քաղաքական ուժերի բարեկիրթ մրցակցության պայմաններում հնարավոր կլինի «պատգամավորների ընտրանի» ապահովել եւ արդարացնել ժողովրդի ակնկալիքները։ Ու պատահական չէ, որ քարոզարշավը մեկնարկելուց առաջ նա խորհրդարանում ներկայացված քաղաքական երեք ուժերին եւ անհատ թեկնածուներին առաջարկել էր «արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ համապատասխան հուշագիր ստորագրել»։

ԱԺԿ առաջնորդի խոսքով, ընտրողների գերակշիռ մասը հասկանում է այդ պահանջը եւ շահագրգռված է, որպեսզի Արցախի նոր պառլամենտը որակական հատկանիշներով գերազանցի նախորդներին, ու նրանում ընդգրկվեն առավել արժանավորները։ Միեւնույն ժամանակ նա անընդունելի է համարում, երբ որոշ ուժեր, նպատակ ունենալով իրենց օգտին «լրացուցիչ» ընտրաձայներ կորզել, փորձում են ընտրողների վրա ճնշումներ գործադրել՝ ընդհուպ գործի դնելով «սեւ տեխնոլոգիաները»։ Կուսակցության ղեկավարը խստորեն դատապարտելով նման քայլերը, ընդգծել է, որ ԱԺԿ—ն դատապարտում է «խաղի նման կանոնների կիրառումը եւ կուսակցությունը բացառապես բարեկիրթ մրցակցության, ընտրական գործընթացի շրջանակներում քարոզարշավի պահանջների խստիվ պահպանման կողմնակից է»։

ԿԸՀ նախագահի հավաստմամբ, օրենսդրությամբ սահմանված բոլոր մեխանիզմները կիրառվում են ընտրախախտումներ թույլ չտալու եւ պատգամավորության բոլոր թեկնածուների համար համահավասար պայմաններ ապահովելու համար։ Հանրապետության տարածքում ձեւավորվել են 279 տեղամասային հանձնաժողովներ։ Երեւան քաղաքում (ԼՂՀ ներկայացուցչությունում) ստեղծվել է Երեւան—1 տեղամասը, որը Արցախի քաղաքացիներին հնարավորություն կտա քվեարկել համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների օգտին։ Տեղամաս է ձեւավորված նաեւ քրեակատարողական հիմնարկում՝ կալանավորների համար։

Այս օրերին ակտիվորեն քննարկվում, հստակեցվում են ընտրացուցակները։ Անճշտությունների դեպքում՝ մինչեւ մայիսի 1—ը քաղաքացին կարող է տեղյակ պահել այդ մասին եւ վերականգնել ընտրական իր իրավունքները։

Նախնական տվյալնելով ԼՂՀ—ում հաշվվում է 101 հազար 739 ընտրող։ Սակայն, ինչպես Սրբուհի Արզումանյանն է շեշտում, մինչեւ քվեարկության օրն այդ թիվը կարող է փոփոխվել՝ «քանի որ օրենքը հնարավորություն է ընձեռում լրացուցիչ ցուցակներ կազմելու միջոցով քաղաքացիներին մասնակից դարձնել ընտրությանը»։

Հավելենք, որ ապրիլի 27—ից Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում գործում է ԼՂՀ ԿԸՀ մամլո կենտրոնը, որը համակարգում է լրատվական միջոցների հետ աշխատանքները։

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
29.04.2015