Քարոզարշավի շրջանակում ԱԺԿ առաջնորդ Աշոտ Ղուլյանը համամասնական և մեծամասնական ընտրացուցակներով առաջադրված մի խումբ թեկնածուների /Արմո Ծատուրյանի, Տիգրան Հակոբյանի, Դավիթ Միքայելյանի/ հետ հյուրընկալվել է Ասկերանի շրջանի Այգեստանի գյուղական համայնքի ընտրողներին, ուր դիմավորել են ավանդական աղուհացով:
Մշակույթի լեփ-լեցուն դահլիճում` ուր գործնական մթնոլորտ էր տիրում, Ա.Ղուլյանը խոսել է երկրում կայանալիք քաղաքական կարևորագույն իրադարձություններից մեկի` խորհրդարանական ընտրությունների նշանակության մասին` այդ համատեքստում, որպես նորույթ, ընդգծելով ձևավորվող պառլամենտի առանձնահատկությունները: Նա բնական է համարում քաղաքական բոլոր կուսակցությունների` պատգամավորության թեկնածուների հանդիպումներն ընտրողների հետ և այն համոզմունքն ունի, որ ունկնդրելով բոլորին, մարդիկ կկարողանան ճիշտ կողմնորոշվել և իրենց քվեն տալ արժանավոր թեկնածուի օգտին: Նա ներկաներին հորդորեց մայիսի 3-ին անպայման ընտրական տեղամասեր այցելել ու մասնակցել ԱԺ ընտրություններին, քանի որ «գործընթացին ոչ միայն ներսից, այլ նաև դրսից են հետևելու»: Հետևաբար` շատ կարևոր է, որպեսզի Ազգային Ժողովի 6-րդ գումարման ընտրությունները, թափանցիկ և արդար կազմակերպելու տեսանկյունից, միջազգային դիտորդների կողմից մի քայլ առաջ որակվեն նախորդներից, ինչն Արցախում ժողովրդավարական արժեքների ամրապնդման ճանապարհին` անհրաժեշտ պահանջ է:
Պարոն Ղուլյանը նշեց, թե Այգեստանը հանրապետության այն բնակավայրերից է, որտեղ լավագույն ավանդույթներ են ձևավորվել ու վճռական պահերին մարդիկ միշտ աչքի են ընկել բացառիկ կազմակերպվածությամբ և ուշագրավ ձեռնարկումներով: Արցախյան շարժման տարիներին, երբ ազերիները շրջափակման մեջ էին առել երկիրն ու վտանգված էր նրա ճակատագիրը, Այգեստանում առաջիններից մեկը ձեռնամուխ եղան կամավորական ջոկատների ստեղծմանը և անմիջապես հայտնվեցին մարտական գործողությունների հարձանուտում: Հետագայում այդ ջոկատները հրետանային գումարտակի կորիզն հանդիսացան, որը դաժան մարտերի ժամանակ կոփվեց, ռազմական փորձ ձեռք բերեց և վճռորոշ դերակատարություն ունեցավ թշնամու դեմ մղվող պայքարում: Այսօր արցախյան ազատամարտի վետերանները, քաջ գիտակցելով հայրենիքի սահմանների անվտանգության ապահովման կարևորությունը, երբեմն իրենց զինվոր զավակների հետ մարտական հերթապահություն են իրականացնում դիրքերում և անհրաժեշտության դեպքում` պատրաստ են կատարելու ցանկացած առաջադրանք: «Ես շատ լավ եմ հասկանում, որ յուրաքանչյուր արցախցի, ում համար անչափ թանկ է հայ զինվորի կյանքը, անհանգիստ է քնում` մտածելով, թե արդյո՞ք գիշերը հանգիստ կանցնի ու արտակարգ խատահարներ չեն լինի: Թշնամին, արդյոք, չի՞ դիմի նոր սադրանքների: Գաղտնիք չէ, որ առավոտյան ևս «աչք ենք բացում», նույն մտահոգություններով, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել ու հակառակորդը հաճախ է խախտում հրադադարի ռեժիմը: Ուրեմն առավել աչալուրջ և զգոն պիտի գտնվենք, մանավանդ` հիշարժան իրադարձությունների նախաշեմին», – իր ելույթում նշեց Աշոտ Ղուլյանը` համոզմունք հայտնելով, թե տարածաշրջանում կայունություն և խաղաղություն պահպանելու կարևոր գործոններից մեկն էլ ժողովրդի համախմբվածությունն է, կուռ միասնությունը:
Ընտրողների հետ հանդիպմանը չեն շրջանցվել համայնքի զարգացման, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման, հողի ճիշտ շրջանառման և բերրիության բարելավման, արտադրվող գյուղմթերքների իրացման խնդիրները: Ա.Ղուլյանի կարծիքով, հողի սեփականատեր գյուղացին պիտի շահագրգռված լինի առատ բերք աճեցնել, իսկ պետությունը, յուրացնելու նպատակով աջակցի նրան` ապրանքը կազմակերպված դուրս բերելու շուկա և ստանալու իր տքնանքի արդյունքը: Ընդ որում, խորհրդային տարիների օրինակով «ոչ թե վերևից պիտի պատվեր իջեցվի, թե գյուղացին ինչ մշակաբույսեր պիտի ցանի, այլ ընտրությունը պիտի թողնվի նրան»:
Պատգամավորության թեկնածուն ընտրողներին խորհուրդ տվեց ծանոթանալ ԱԺԿ նախընտրական ծրագրի դրույթներին, համեմատել քաղաքական մյուս կուսակցությունների ծրագրերի հետ և առաջնահերթությունը տալ քաղաքական այն ուժին, ում կողմից առաջադրված թեկնածուներն իրավասու են արդարացնել վստահությունը: «Հավատացեք, ձեր ընտրությունից շատ բան է կախված: Այդ հնարավորությունը ձեզ տրվելու է մայիսի 3-ին ու մնում է օգտվել ընտրության իրավունքից», – ներկաներին խորհուրդ տվեց Ա.Ղուլյանը:
Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը պատասխանել է ընտրողների տարաբնույթ հարցերին:
Ընտրարշավի շրջանակում ԱԺԿ ղեկավարը պատգամավորության մի խումբ թեկնածուների հետ հանդիպումներ է ունեցել նաև Ասկերանի շրջանի Խնածախ, Լուսաձոր, Աստղաշեն, Դահրավ, Պատարա, Խանցք, Խնձրիստան, Ռև ու մի շարք այլ բնակավայրերում: