ԱԺԿ ղեկավարին ունկնդրելու էին եկել մայրաքաղաքի ուսուցիչները

Նախընտրական հանդիպումների տեսանկյունից ապրիլի 20-ը ևս հագեցած օր էր Արցախի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչների համար: Եթե կուսակցության առաջնորդն առավոտյան հյուրընկալվել էր Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից, ապա երեկոյան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է Աշոտ Ղուլյանի հանդիպումը` մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների ուսուցիչների հետ:

Կարևորելով մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քաղաքական նշանակությունը, ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ ինչպես նախորդ բոլոր ընտրություններում, այս անգամ ևս հանրապետության մանկավարժները ակտիվություն կցուցաբերեն և մեծ պատասխանատվությամբ կկատարեն քաղաքացիական իրենց պարտքը` օրինակ ծառայելով շատերի համար: «Այստեղ հավաքվել է մեր լավագույն մտավորականների սերուցքը, որոնց մի զգալի մասը ԱԺԿ անդամներ են, կամ առնվազն` կուսակցության համակիրներ: Եվ այդ իրողությունն ավելի է մեծացնում վստահության ու պատասխանատվության չափը: Մեզնից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է, թե ինչպիսի հանգամանքներով են պայմանավորված լինելու ընտրությունների հաջող կայացումը, որին բծախնդրությամբ հետևելու են միջազգային դիտորդները, – ասաց Ա.Ղուլյանը: – Եվ, որպեսզի արդարացվեն բոլորիս ակնկալլիքները, հերթական անգամ բարձր կարծիք ձևավորվի, անկախ հանգամանքներից, մայիսի 3-ին մեկ մարդու պես պիտի մասնակցենք քվերակությանը և ընտրենք ամենարժանավոր թեկնածուներին` չմոռանալով, որ նոր պառլամենտում մեզ անհրաժեշտ են կիրթ ու բանիմաց, բարոյական բարձր հատկանիշներով օժտված արհեստավարժ անձինք, ովքեր պատրաստ են օրենսդրական արդյունավետ գործունեություն ծավալել և օգուտ բերել մեր ժողովրդին, մեր պետությանը, նպաստել նրա անկախության միջազգային ճանաչմանը»:

Այնուհետև բանախոսն անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների առանձնահատկություններին` ընդգծելով, որ նոր ձևավորվող պառլամենտը գործելու է մշտական հիմունքներով և այն այսուհետև  «փակ է լինելու գործարարությամբ զբաղվողների համար»:

Համամասնական ընտրացուցակով առաջադրված պատգամավորության թեկնածուն իր ելույթում, բնականաբար, խոսել է նաև կրթական համակարգում իրականացվող բարեփոխումների մասին, հակիրճ շարադրել այն մոտեցումները, որ ներառված են Արցախի ժողովրդավարական կուսակցության նախընտրական ծրագրում: Նրա կարծիքով, համակարգում ձևավորված հարուստ ավանդույթները տարեցտարի պիտի զարգանան ու ամրապնդվեն, «կրթության բոլոր փուլերում շարունակական բարեփոխումները պետք է ծառայեն ազգային գաղափարախոսության արմատավորմանն ու հայրենասեր, քաղաքակիրթ, ժողովրդավար քաղաքացու կերպարի ձևավորմանը»: Կուսակցությունը կարևորում է նախադպրոցական, հանրակրթական, նախնական, միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքային պայմանների ու նյութատեխնիկական բազայի արդիականացման խնդիրը, համակարգչային և ինտերնետային միասնական ցանցի ձևավորումն Արցախի ողջ տարածքում: Ա.Ղուլյանը գտնում է, որ պիտի վերանայվեն դասագրքերը, ուսումնամեթոդական ձեռնարկներն ու ծրագրերը, գիտելիքների գնահատման համակարգը` հաշվի առնելով ուսումնական հաստատությունների առաջարկությունները: Նա անխուսափելի է համարում նախնական /արհեստագործական/ ու միջին մասնագետների կրթության խթանումը, որակյալ արհեստավորների և կրտսեր մասնագետների պատրաստումը, կրթական մասնագիտական ցանկի և մակարդակի համապատասխանեցումն աշխատաշուկայի պահանջներին: Ըստ պարոն Ղուլյանի, պահպանելով հայեցի դաստիարակության պահանջները, շատ կարևոր է ուսուցման և դաստիարակության գործընթացում` արտասահմանյան երկրների առաջավոր փորձի կիրառումը, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների անվճար ուսուցման ապահովումը և ուսումն ավարտելուց հետո` նրանց աշխատանքի տեղավորումը: ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահն իր տեսակետն է հայտնել նաև սկզբունքային մի շարք հարցերի վերաբերյալ:

Հանդիպմանն Ա.Ղուլյանն ընտրողներին ծանոթացնելով ԱԺԿ պատգամավորության թեկնածուներին /ինչպես համամասնական, այնպես էլ` մեծամասնական ընտրակարգով առաջադրվածներին/, վստահեցրել է, թե ընտրվելու դեպքում նրանք ամենայն պատասխանատվությամբ կկատարեն օրենսդրական իրենց պարտականությունները և հետամուտ կլինեն նախընտրական քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների կողմից բարձրացված հրատապ հարցերի հանգուցալուծմանը:

Ազգային Ժողովի նախագահ, ԱԺԿ ղեկավար Ա.Ղուլյանի` մայրաքաղաք Ստեփանակերտի ուսուցիչների հետ հանդիպումն ավարտվել է ավանդական երկխոսությամբ` հարցուպատասխանով: