Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ Եվրոպական ազատ դաշինքի ասոցացված անդամ

Ապրիլի 17-ին Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակցել է Գերմանիայի Դաշնային  Հանրապետության Բաուտցեն քաղաքում անցկացվող Եվրոպական ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցության 13-րդ տարեկան համագումարի աշխատանքներին: ԵԱԴ լիագումար նիստի ժամանակ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել ԱԺԿ գործունեությունը և ապագա ծրագրերը ներկայացնող ելույթով, որին հետևած քվեարկության արդյունքում Արցախի ժողովրդավարական կուսակցությունը միաձայն ընդունվել է որպես ԵԱԴ ասոցացված անդամ։

Իր ելույթում Աշոտ Ղուլյանը կարևոր և բնական է համարել ԱԺԿ ասոցացված անդամակցությունն ԵԱԴ-ին՝ նշելով, թե ԼՂՀ քաղաքական կյանքում առաջին անգամ է, որ զուտ արցախյան կուսակցությունն անդամակցում է եվրոպական կուսակցական ընտանիքին՝ իր առանցքում ինքնորոշման իրավունքն ունեցող ընդհանուր արժեքային հիմքի վրա:

ԱԺԿ նախագահն ընդգծել է նման ձևաչափով համագործակցության արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը՝ ինչպես միջկուսակցական, այնպես էլ  միջխորհրդարանական հարթակներում։

Աշոտ Ղուլյանը կարևորել է ԱԺԿ-ԵԱԴ համագործակցության շրջանակներում Եվրոպական ազատ դաշինքին անդամագրված  կուսակցությունների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների հեռանկարները, ինչը լայն հնարավորություններ կստեղծի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և միջազգային գործընթացներին ինտեգրվելու համատեքստում։

11118554_903708652982808_1762981707_n 11173480_904524359567904_481028676_n 11118072_904524529567887_286584784_n 11158994_904524392901234_811355459_o 11144826_904524326234574_1767623321_o 11032456_904524496234557_1845993956_o