Եկել է և «քաղաքական ցանքս» կատարելու ժամանակը

Ապրիլի 10-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում` ԼՂՀ հարկային պետական ծառայության, գյուղատնտեսության նախարարության, Արցախի ներդրումային և գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների, գործարարների միության ներկայացուցիչների, փոքր ու միջին ձեռնարկատերերի և բանկային համակարգի աշխատակիցների հետ կայացած հանդիպմանն ԱԺԿ ղեկավար Աշոտ Ղուլյանն անդրադառնալով կուսակցության նախընտրական ծրագրի որոշ դրույթների, ժողովրդավարության և օրինականության հաստատման, պետական կառավարման համակարգի ազատականացման տեսանկյունից` մասնավորապես ընդգծել է երկրում բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը:

Բանախոսն այն կարծիքին է, որ մշտական հիմունքներով գործող խորհրդարանում շատ կարևոր է, որպեսզի պատգամավորները բանիմաց, անհրաժեշտ գիտելիքների տեր լինեն և կարողանան զբաղվել օրենսդրական ակտիվ գործունեությամբ: Ա.Ղուլյանը, հաշվի առնելով այդ հանգամանքը, գտնում է, որ մայիսի 3-ին կայանալիք պառլամենտական ընտրությունների ժամանակ, անկախ այն բանից, թե թեկնածուները մեծամասնական կամ համամասնական ցուցակով են առաջադրված, ընտրողները ճիշտ կկողմնորոշվեն ու կքվեարկեն այն անձնավորության օգտին, ով պատրաստ է անձնվիրաբար նվիրվել իր գործին և արժանավայել ծառայել ժողովրդին ու պաշտպանել նրա իրավունքները: «Գիտակցելով խնդրի կարևորությունը, «մրցապայքարի դուրս եկած» քաղաքական ուժերը շատ լավ պատկերացնում են, թե որքան մեծ պատասխանատվություն են ստանձնել` գնալով ԱԺ ընտրությունների և որքան մեծ ջանքեր կպահանջվեն ընտրողների վստահությունն արդարացնելու համար», – կարծում է ԱԺԿ առաջնորդը:

Հանդիպմանը, պատգամավորության թեկնածուն, բնականաբար, անդրադարձավ և այն խնդիրներին, որոնք այսօր մտահոգիչ են հասարակության լայն զանգվածի համար և լուծման կարիք ունեն: Այդ համատեքստում բանախոսն իր նկատարումները հայտնեց հարկային համակարգում` ինչպես վերջին տարիներին իրականացված բարեփոխումների, այնպես էլ օրենսդրական մի շարք փոփոխությունների անհրաժեշտության մասին, որոնք իր համոզմամբ, զգալիորեն կթեթևացնեն փոքր և միջին ձեռնարկատիրթյամբ զբաղվող քաղաքացիների հարկային բեռը և կազատեն նրանց ավելորդ փաստաշրջանառությունից: Հանդիպմանը ներկա գտնվող գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներին Ա.Ղուլյանը հաղորդեց գյուղական բնակավայրերում` նախընտրական հանդիպումների ժամանակ հողի սեփականատեր մարդկանց կողմից ներկայացված պահանջները` վարկային միջոցների տրամադրման ու վարկերի վերադարձման մեխանիզմների արդյունավետ կիրառման, հողերի բերրիության բարձրացման նպատակով գյուղնախարարության մասնագետներին առավել ակտիվորեն ներգրավելու, դժվարությամբ արտադրած գյուղմթերքները շուկա դուրս բերելու և իրացնելու վերաբերյալ: Պատգամավորության թեկնածուն հիշյալ հարցերի շուրջ հնչեցնելով սեփական տեսակետը, ավելորդ չհամարեց նշել, որ կուսակցությունը կարևորում է երկրում ապահով գյուղ և զարգացող գյուղատնտեսություն ունենալու անհրաժեշտությունը և գտնում է, որ «հողի հետ աշխատող մարդու խնդիրները մշտապես պետք է գտնվեն պետության և քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում, գյուղական համայնքներում ապրող երիտասարդ ընտանիքների համար ստեղծվեն բարեկեցիկ կյանքի պայմաններ»:

Ամփոփելով խոսքը և ներկաներին կոչ անելով ակտիվորեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին, Ա.Ղուլյանը կես-լուրջ կես-կատակ հավելեց, թե «եկել է նաև քաղաքական ցանքս կատարելու ժամանակը ու սերմացուի ընտրության հարցում սխալվել չի կարելի»…

11042015-1 11042015-2 11042015-3