Քարոզարշավը տեղափոխվել է սահմանամերձ բնակավայրեր

Քարոզարշավի շրջանակում Արցախի ժողովրդավարական կուսակցությունից համամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավարության թեկնածուների հանդիպումները` ԼՂՀ խորհրդարանի նախագահ, ԱԺԿ առաջնորդ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, շարունակվել են Մարտակերտի, Հադրութի, Շահումյանի և Շուշիի շրջանների ընտրողների հետ: Քարոզարշավի երթուղին ` մի բնակավայրից ձգվում էր մյուսը և օրվա մեջ 10-12 նախընտրական հանդիպում էր կայանում թեկնածուների ու հասարակության ներկայացուցիչների միջև: Բնականաբար` և օրակարգն էր հագեցած և ընտրազանգվածի հետաքրքրությունն էր մեծ մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Դա առավել պարզորոշ նկատվում էր հարցադրումների ժամանակ, որոնց պատասխանները հնչեցնելիս` բանախոսները /պատգամավորության թեկնածուները/ ձգտում էին հնարավորինս համոզիչ, իրատեսական փաստերի զուգադրմամբ ներկայացնել քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակը հանրապետությունում, իշխանությունների կողմից ձեռնարկվող այն քայլերը, որոնք միտված են երկրի սահմանների ամրապնդմանն ու ժողովրդի անվտանգության ապահովմանը, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ժողովրդավարական արժեքների զարգացմանն ու ամրապնդմանը:

Եթե Մարտակերտի շրջանի Ծմակահող, Շահմասուր, Գառնաքար, Առաջաձոր, Վանք համայնքների, Թարթառի ձորակի բնակավայրերի /Հաթերք, Զագլիկ, Զարդախաչ, Գետավան, Վաղուհաս, Չափար, ինչպես նաև սահմանամերձ Թալիշ, Մատաղիս, Տոնաշեն գյուղերի բնակիչները, ելնելով լեռնային գոտուն բնորոշ կլիմայական առանձնահատկություններից, հանդիպմանը գլխավորապես արծարծում էին համայնքների զարգացմանը, անմշակ հողերի շրջանառմանը «վերակենդանացմանը» և առկա ներուժի արդյունավետ օգտագործմանը, նոր ձևավորվելիք խորհրդարանի դերի բարձրացմանը և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության քաղաքական լուծմանը միտված հարցեր, ապա Մարտակերտ քաղաքում, Կուսապատում, Չլդրանում, Դրմբոնում, Կիչանում, Նոր Սեյսուլանում, Նոր Ղազանչիում, Հովտաշենում և Նոր Այգեստանում ավելի շատ խոսվում էր կենսական նշանակության, երիտասարդության զբաղվածության խնդիրների լուծման անհրաժեշտության մասին: Բնականաբար, չէին շրջանցվում նաև երկրի ամենատարբեր բնագավառներում և ոլորտներում իրականացվող գործընթացները: Չթաքցնելով իրենց ակնկալիքները նոր խորհրդարանից, ընտրողները համոզմունք էին հայտնում, որ պատգամավորի մանդատ պիտի ստանան բացառապես ժողովրդի, երկրի ճակատագրով մտահոգ այն արժանի թեկնածուները, ովքեր օժտված կլինեն կայուն գիտելիքներով ու կենասափորձով և բարձր արհեստավարժություն կցուցաբերեն:

«Մեր բոլոր հանդիպումներն ուղղված են մի նպատակի` կարողանալ լուծումներ տալ տարիների ընթացքում կուտակված հարցերին, -Մարտակերտում կայացած հանդիպմանը նշել է Աշոտ Ղուլյանը: – Իսկ մենք լավ ենք պատկերացնում մեր երկրի թե սոցիալական և թե տնտեսական հնարավորությունները: Ֆինանսական միջոցների առկայությունը նույնպես մեզ հուշում է այն մասին, որ մեկ-երկու տարում անհնար է լուծել բոլոր խնդիրները: Միևնույն ժամանակ իշխանությունների կողմից այնպիսի քայլեր պիտի ձեռնարկվեն, որպեսզի համայնքներում ամեն տարի որոշակի փոփոխություններ, առաջընթաց քայլեր ձեռնարկվեն և այդ ամենը տեսաների լինի ժողովրդին»: Խոսելով հանրապետությունում վերջին երկու տասնամյակում կազմակերպված նախագահական, խորհրդարանական և ՏԻՄ-ի ընտրություններին, պարոն Ղուլյանն ավելորդ չհամարեց ընդգծել, որ դրանք օտարերկրյա դիտորդների համոզմամբ «փայլուն օրինակ կարող են հանդիսանալ հարևան շատ երկրների համար»: Անդրադառնալով հերթական 6-րդ խորհրդարանական ընտրություններին, նա հատկապես շեշտեց, «նոր պարլամենտի առանձնահատկությունները», և, բնականաբար, որպես առաջնահերթություն, կարևորեց Ազգային Ժողովի` մշտական հիմունքներով գործելու հանգամանքը: Ասել է թե` «Սահմանադրությամբ փոխվել է կարգը և մայիսի 3-ի ընտրություններում այնպիսի խորհրդարան պիտի ձևավորվի, որտեղ բոլոր 33 անդամներն էլ պատրաստ լինեն ծավալելու օրենսդրական ակտիվ գործունեություն»: Ընդ որում, Ա.Ղուլյանը հավելեց, թե բացի օրենսդրական լիազորություններից` ԱԺ պատգամավորն իրավունք չունի որևէ գործառույթ իրականացնել: «Ձեր ընտրած պատգամավորը, համամասնական ցուցակով առաջադրված կուսակցությունների ներկայացուցիչները` պետք է բանիմաց լինեն պատկերացում ուենան օրենսդրական աշխատանքի նրբությունների մասին, տիրապետեն տարբեր երկրների օրենքների առանձնահատկություններին և երկրի ժողովրդի համար ավելի շահավետ օրենքներ մշակեն», – ասելիքն ընդհանրացրեց ԱԺԿ առաջնորդը, ներկաներին կոչ անելով ընտրել այնպիսի անձանց, որոնց վստահում են:

Շուշիի շրջանի Քարին տակ, Մեծ շեն, Եղցահող, Լիսագոր բնակավայրերում, ինչպես նաև բերդաքաղաքում ԱԺ պատգամավորներ Ժաննա Գալստյանի, Վարդգես Բաղրյանի հետ ընտրողներին հյուրընկալված Աշոտ Ղուլյանը, ներկայացրեց Արցախի ժողովրդավարական կուսակցության նախընտրական ծրագիրը` համոզմունք հայտնելով, որ ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո, հետևողականորեն կյանքի կկոչվեն նրա դրույթները: Նրա խոսքով, կուսակցությունը երբեք չի շեղվի 2010թ. սկզբներին ընտրած` արդարության, օրինականության և ժողովրդավարության սկզբունքներից և գալիք խորհրդարանական ընտրություններում ևս ձգտելու է նպաստել հասարակության շրջանում կուսակցության վարկանիշի բարձրացմանը և փոխվստահության ամրապնդմանը: «Չեմ կասակացում, որ այս օրերին ընտրողներին ներկայացող քաղաքական բոլոր ուժերն էլ իրենց ձեռքի տակ ունեն ուշագրավ նախընտրական ծրագրեր, – նկատեց Աշոտ Ղուլյանը:- Բայց կարծում եմ կարևորն այն է, թե որքանով են դրանք իրատեսական և կուսակցության ներկայացուցիչներն ինչպես են մտադիր իրականացնել: Պարլամենտը` խմբակային, թիմային աշխատանքի տեր է: Եվ որքան էլ պատգամավորը խոր գիտելիքներ ունենա, միևնույն է, նա առանց գործընկերների աջակցության վճռական հարցեր չի կարող լուծել: Հետևաբար, ցանկացած օրենսդրական նախաձեռնություն քաղաքական համագործակցության կարիք ունի, որպեսզի այն ընդունվի վերջնական օրենքի տեսքով»: ԱԺԿ ղեկավարն իր նկատառումները հայտնելով կուսակցության նախընտրական ծրագրի որոշ դրույթների վերաբերյալ, շեշտել է, թե այն կոլեկտիվ աշխատանքի արդյունք է և հավատացած է, որ կարժանանա ընտրողների հավանությանը:

Հադրութի շրջանի որոշ բնակավայրերում և մասնավորապես` շրջկենտրոնում, Դրախտիկ, Ազոխ, Մեծ Թաղեր, Տող, Տումի, Մոխրենես գյուղերում կայացած հանդիպմանը, որին ներկայացել էին ԱԺԿ նախագահ Աշոտ Ղուլյանը, պատգամավորներ Ժաննա Գալստյանը, Վարդգես Բաղրյանը, Լյուդմիլա Բարսեղյանը, Արևիկ Պետրոսյանը, ԼՂՀ առողջապահության փոխնախարար Զոյա Լազարյանը և ԱԺԿ կենտրոնական խորհրդի անդամ, պատգամավորության թեկնածու Արմո Ծատրյանը, անդրադարձ է եղել ինչպես համայնքների հիմնախնդիրներին, այնպես էլ զարգացման հեռանկարներին, իշխանությունների կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ռազմավարական ծրագրերին:

«Մենք շարունակում են ապրել գրեթե այն նույն կարգավիճակով, ինչպես ռազմական գործողությունների ժամանակ էր: Ինչպես ասում են, պատերազմը դեռ չի ավարտվել և մեր ուշադրությունը մշտապես սևեռված է երկրի սահմաններին, որտեղ դիրքապահ հայ զինվորը մարտական հերթապահություն է իրականացնում` սրբորեն կատարելով իր առաքելությունը, – նշեց Ա.Ղուլյանը: – Մեր հակառակորդն այնքան է լկտիացել, որ անգամ օրը ցերեկով նորանոր սադրանքների է դիմում` վտանգելով 18-20 տարեկան տղաների կյանքը: Երկրի ղեկավարությունը, պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում են բանակի մարտական պատրաստվածությունն էլ ավելի բարձրացնելու, Արցախի անվտանգությունն ապահովելու համար: Ցավոք, թշնամու դիվերսիոն հարձակումների արդյունքում անդառնալի կորուստներ ենք ունենում: Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ատելություն են սերմանում մեր ժողովրդի նկատմամբ և խելահեղ հայտարարություններ անում` չթաքցնելով հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու իրենց մտադրության մասին:Մինսկի խմբի համանախագահները, միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպություններ, բազմիցս ընդգծել են, որ բացառվում է նման «տարբերակը» և խնդիրը բացառապես պիտի լուծվի խաղաղ ճանապարհով»: – ընդգծեց ԱԺ նախագահը:

Բանախոսն իր ելույթում հավելեց, թե հակառակորդի նպատակը քաջ հայտնի է` ամեն ինչ անել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նշումը, մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները ստվերելու համար: Ահա թե ինչու, Ա.Ղուլյանի համոզմամբ, բոլորս պիտի առավել աչալուրջ և միասնական լինենք ու ամրապնդենք մեր պաշտպանական բնագիծը: Հնարավոր ամեն ինչ արվի, որպեսզի ՊԲ զինվորն իրեն պաշտպանված զգա, նրա զենքն ու հանդերձանքը երբեք չզիջի հակառակորդին»: Այնուհետև պարոն Ղուլյանը պատասխանել է ներկաների տարաբնույթ հարցերին:

ԱԺԿ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Շահումյանի շրջանի Չարեքտար, Դադիվանք, Նոր Էրքեջ, Եղեգնուտ, Նոր Ղարաչինար, Նոր Խարխափուտ, Քնարավան բնակավայրերում, որտեղ խոսակցությունը հիմնականում ծավալվել է գյուղական համայնքների խնդիրների, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդլայնման, պետական համակարգում վաղուց փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: «Պարզապես աններելի է, երբ աննշան մի հարցով գյուղից` մայրաքաղաք հանրապետական գերատեսչություններին են դիմում նամակով, և պատասխանն ամիսներով ձգձգվում է` մի հիմնարկից «փոխանցվելով» մյուսին, – գտնում է խորհրդարանի նախագահը: – Անցել են այդ ժամանակները և ավելորդ քաշքշուկները պիտի բացառվեն: Յուրաքանչյուր պաշտոնյա պատասխանատվություն պիտի զգա իր վարվելակերպի համար և մեղավոր անձինք ենթարկվեն հասարակական պարսավանքի»: Անդրադառնալով գյուղական համայնքների գործունեության արդյունավետության բարձրացմանը, Աշոտ Ղուլյանը կարծիք հայտնեց, թե այն գյուղերը, որոնք գտնվում են առաջին գծից ընդամենը 3-5կմ հեռավորության վրա «և հաճախ մարդիկ քնում-արթնանում են կրակոցների տակ, Հայաստանի օրինակով պիտի «ուղղորդվեն» և համապատասխան կարգավիճակ ստանան»: Ասել է թե` նման բնակավայրերում մարդիկ, երեխաներն իրենց ավելի պաշտպանված պիտի զգան և զբաղվածության խնդրի լուծման տեսանկյունից` առավել հավակնոտ ծրագրեր իրականցվեն:

Հանդիպմանն օրակարգից դուրս չմնացին տնտեսության, մասնավորապես` գյուղի և գյուղատնտեսության զարգացման հարցերը: ԱԺ ղեկավարը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ ոլորտին ամեն տարի պետական զգալի աջակցություն է ցուցաբերվում, սակայն արդյունքն աննշան է մնում: Ըստ բանախոսի, վերջին 7-8 տարիներին պետության կողմից 26 մլրդ դրամի վարկավորման ծրագրեր են իրականացվել, բայց առաջընթաց չի նկատվում: Նա գտնում է, որ անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության բնագավառում իրականացվող քաղաքականությունը և մասնագետների կողմից խիստ վերահսկողություն սահմանվի վարկառու գյուղացու կողմից կատարվող աշխատանքների նկատմամբ, դիտարկվի, թե ինչպես են ծախսվում պետության կողմից ստացված նպատակային գումարները: Հողի սեփականատեր գյուղացին էլ իր հերթին պիտի շահագրգռված լինի, որպեսզի զուր չվատնեն ֆինանսական միջոցները և արդարացվեն սպասելիքները: Ա.Ղուլյանի կարծիքով, գյուղացու համար ավելի շահավետ կլինի` եթե խորհրդային տարիների օրինակով «վերևից ոչ թե պարտադրեն ինչ ցանել, այլ թույլ տան ինքնուրույն վճիռ կայացնել և վարել սեփական տնտեսությունը, սեփական հողակտորը»: Գուցե նման դեպքերում, արդյունքն առավել շոշափելի լինի: ԱԺԿ առաջնորդը նաև հավելեց, թե անասնապահն ու հողագործը պիտի անպայման պետական հոգածություն զգան, մանավանդ` արտադրած մթերքը իրացնելու ժամանակ, արտոնեն նրանց` ապրանքն ազատ դուրս բերելու շուկա և վաճառքից ստացված գումարները վերստին ներդնել արտադրության մեջ:

Ընտրողների կողմից պատգամավորության մյուս թեկնածուներին ևս մեծաթիվ հարցեր ուղղվեցին: Մթնոլորտը գործնական էր, անկաշկանդ: Եվ դատելով երկխոսությունից, կարծես փոխվստահություն և հավատ կար, ինչն ամենայն հավանակությամբ «կդրսևորվի» մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ…

09042015-1 09042015-2 09042015-3