«Յուրաքանչյուր ընտանիք պետք է գտնվի պետության հոգածության ներքո»

Քարոզարշավի շրջանակում շարունակվում են Արցախի ժողովրդավարական կուսակցությունից համամասնական և մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների հանդիպումները` ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Մարտունու, Քաշաթաղի և Շահումյանի շրջանների գյուղակամ մի շարք բնակավայրերում` ունեցած նախընտրական երկխոսությունից հետո ապրիլի 15-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը` առողջապահության համակարգի, ինչպես նաև շինարարական կազմակերպությունների և ենթակառուցվածքների /կապ, էներգետիկա, գազ, տրանսպորտ, ջրամատակարարում/ ոլորտի աշխատողների հետ:

Դիմելով ներկաներին, ԱԺԿ առաջնորդը կարծիք է հայտնել, թե առողջապահությունն այն գերզգայուն ոլորտներից է, որի աշխատողներն, անկախ այն բանից, բժիշկներ են, թե միջին բուժանձնակազմի ներկայացուցիչներ, մշտապես «ժողովրդի զարկերակի վրա են պահում իրենց ձեռքը», բոլոր արցախցիների պես մտահոգված են երկրի ճակատագրով և անտարբեր չեն երկրում տեղի ունեցող գործընթացների հիշարժան իրադարձությունների նկատմամբ: Այդ համատեքստում Ա.Ղուլյանը բուժաշխատողների ուշադրությունը հրավիրել է մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա, որը թվով վեցերորդն է մեր երկրում: Բանախոսն իր ելույթում մասնավորապես անդրադարձել է այն առանձնահատկություններին, որոնք բնորոշ են հերթական` 6-րդ գումարման Ազգային Ժողովին: Նա ավելորդ չհամարեց ընդգծելու, որ նոր ձևավորվող խորհրդարանը յուրահատուկ կարգավիճակ է ունենալու և գործելու է մշտական հիմունքներով: «Այսօր մեր երկրի առջև շատ լուրջ խնդիրներ, մարտահրավերներ են ծառացած: Ու մենք դրանք հաղթահարելու, առաջ շարժվելու համար կարևոր է, որպեսզի համատեղենք մեր ուժերը, լավ պատկերացնենք առաջնահերթությունները և կարողանանք մաս-մաս լուծել կուտակված խնդիրները» – նշեց Ա.Ղուլյանը:

Հանդիպմանը շեշտադրումներ եղան` կապված համակարգում պետական քաղաքականության վերանայման, նոր երևույթների և գաղափարների «շրջանառման» անհրաժեշտության հետ: Ընդգծելով, թե խորհրդարանի պատգամավորը պիտի բանիմաց և հարուստ գիտելիքների տեր անձնավորություն լինի ու իր կարողություններն ակտիվորեն դրսևորի օրենսդրական փաստաթղթերի մշակման և ստեղծման գործում, ԱԺ ղեկավարը ներկաներին կոչ արեց քվերակության ժամանակ ազնիվ և անաչառ գտնվելու մայիսի 3-ին քվերակել արժանավոր թեկնածուների օգտին, քանի որ նրանց գործունեությամբ է պայմանավորված լինելու ապագա պառլամենտի վարկանիշը:

Այնուհետև Ա.Ղուլյանը ներկայացրել է ԱԺԿ նախընտրական ծրագրի որոշ դրույթներ, անդրադարձել պաշտպանության և անվտանգության, արտաքին քաղաքականության, պետականաշինության և կառավարման համակարգի վերաբերյալ կուսակցության դիրքորոշմանը, սկզբունքային նշանակության մի շարք հարցերի: Օրակարգում, բնականաբար, նաև սոցիալական քաղաքականության, սոցիալապես պաշտպանված ընտանիքների, բնակչության առողջության պահպանման խնդիրներն էին, որոնց վերաբերյալ բանախոսը հայտնել է իր նկատառումները: «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը գտնում է, որ աղքատության հաղթահարման խնդիրը սոցիալական նպաստներով հնարավոր չէ լուծել և անհրաժեշտ է վերանայել այն ծնող պատճառները, – ասաց պարոն Ղուլյանը: – Յուրաքանչյուր ընտանիք պետք է գտնվի պետության մշտական հոգածության ներքո և կուսակցությունն առաջարկում է զարգացնել բազմազավակության խթանման ծրագիրը, բարձրացնել երեխաներին տրվող նպաստների չափերը, աստիճանաբար բարելավել նրանց սոցիալական պայմանները` տրամադրելով անվճար բուժօգնություն: Անհրաժեշտ է բազմազավակ բոլոր ընտանիքներին աջակցել ինչպես բուժօգնության, այնպես էլ` ուսման վճարների հարցում, ընդլայնել ֆիզարձակուրդում գտնվող կանանց սոցիալական երաշխիքները»: Կուսակցությունն առաջարկում է նաև կատարելագործել կենսաթոշակների մակարդակի բարձրացման մեխանիզմները և առաջիկա 5 տարիներին միջին կենսաթոշակի աճ ապահովել` տարեկան 10-15 տոկոսով: Այդ խնդրում ԱԺ նախագահը կարևորեց կենսաթոշակային պետական համակարգի արդյունավետության բարձրացման, աշխատավարձի և ստաժի հաշվարկման սահմանափակող գործակիցների վերանայումը, թոշակների ամենամյա աճի երաշխավորումը:

Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը պատասխանեց ընտրողների կողմից բարձրացված ամենատարբեր հարցերի: Բուժաշխատողներից մեկի այն հարցին, թե ժամանակը չէ՞, արդյոք, որպեսզի Արցախը ևս «Առողջապահության մասին» օրենք ունենա, ԱԺԿ ղեկավարը պատասխանեց, որ օրենսդրական նման փաստաթղթի անհրաժեշտությունը վաղուց է զգացվում և ԼՂՀ խորհրդարանում` Հայաստանի Հանրապետության ԱԺ գործընկերների հետ արդյունավետ լսումներ են անցկացվել: Նրա խոսքով նոր խորհրդարանն ամենայն հավանակությամբ կանդրադառնա խնդրին և որոշ առանձնահատկություններով /ՀՀ օրենքին համահունչ/ ձեռնամուխ կլինի նման փաստաթղթի մշակմանը:

Նույն օրը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ, պատգամավորության թեկնածու Աշոտ Ղուլյանը հանդիպել է հանրապետության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտների աշխատողների հետ: