Կարեվորում է կանանց դերը` պետականաշինության գործում

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջում Ազգային ժողովի նախագահ, ԱԺԿ համամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Աշոտ Ղուլյանի հանդիպումը` կանանց խորհրդի անդամների հետ դուրս էր սովորական նախընտրական քարոզարշավի շրջանակներից: Այն ավելի շատ անկեղծ ու անկաշկանդ խոսակցություն էր կուսակցության դերի և կատարած գործերի, նախընտրական ծրագրի հիմնական դրույթների, կուսակցության յուրաքանչյուր անդամի` կատարելիք աշխատանքի մասին:

Ա.Ղուլյանը կարևորելով կանանց դերը` երկրի համար ֆիզիկապես առողջ, բազմակողմանի զարգացած, արժանի սերունդ դաստիարակելու գործում, ընդգծեց, որ այսօր էլ նրանք իրենց փխրուն ուսերին ծանր բեռ են կրում` տղամարդկանց հետ հավասարապես մասնակցելով պատերազմի հետևանքների վերացմանը, երկրի տնտեսության վերականգնմանն ու Արցախի շենացմանը: «Հատկապես անուրանալի է ձեր ավանդը` սոցիալական ոլորտում: Կրթության և մշակույթի, առողջապահության բնագավառներում կատարած ձեր բոլորանվեր աշխատանքը, որն ուղղված է մատաղ սերնդի դաստիարակմանը, բնակչության առողջության պահպանմանն ու հոգևոր արժեքների ստեղծմանը` իշխանությունների կողմից գնահատվում է ըստ արժանվույն», – նշել է ԱԺ նախագահը` հավելելով, թե այսուհետ ևս երկրում կարևորվելու է կանանց դերը` պետականաշինության մեջ ու նրանք ակտիվորեն ներգրավվելու են օրենսդիր և գործադիր իշխանություններում: Որպես ասվածի վկայություն, նա ավելորդ չի համարեց հիշեցնել, որ «նոր ձևավորվելիք խորհրդարանում կին պատգամավորներն առավել ներկայացուցչական կազմով են ներկայացվելու»…

Հանդիպումը կայացավ երկու մասով: Աշոտ Ղուլյանը պատմեց անցյալ տարվա նոյեմբերին ձևավորված` կանանց խորհրդի, նրանց խնդիրների, կատարած աշխատանքների և անելիքների մասին: Խորհրդի նախագահ Սուսաննա Ավշարյանն իր ելույթում ընդգծեց նախաձեռնող խմբի նպատակը` «Ծառայել հայրենիքին, ջանք չխնայել Արցախի ճանաչումն օր առաջ տեսնելու համար, կոչ արեց միակամ մասնակցել առաջիկա ընտրություններին, պատվով դուրս գալ նաև քաղաքական հերթական քննությունից»: Նա նշեց, որ կինխորհուրդը կարճ ժամանակաընթացքում հասցրել է ձեռնարկել մի շարք հետաքրքիր միջոցառումներ. ամանորի նախօրյակին կատարվել են այցելություններ բազմազավակ ընտանիքներ, ծերանոց, զորամասեր, մասնավորապես հանդիպել նորակոչիկների հետ: Այդ շարքում նա առանձնացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված շարադրություն-մրցույթի կազմակերպումը` Ստեփանակերտի Իվանյանի անվան ռազմական վարժարանում և բժշկական քոլեջում: Հենց դահլիճում էլ մրցույթում հաղթող ճանաչված սաներին հանձնվեցին պատվոգրեր և հուշանվերներ:

ԱԺԿ ղեկավար Ա. Ղուլյանի համոզմամբ, «Կանանց խորհրդի ստեղծումը, թեկուզ ուշացած, գալիս է լրացնելու այն բացը, որ հանրապետությունում կա կանանց հասարակական շարժման մեջ: Եվ ինչքան շատ լինեն նման ձեռնարկումները, այնքան ավելի լավ մեր երկրի, մեր ժողովրդի համար»: Ա. Ղուլյանը գոհունակություն հայտնեց, որ խորհրդի անդամ կանանց ակտիվությունը բերել է նրան, որ կարճ ժամանակամիջոցում հետաքրքիր գործեր են իրականացվել, և ծնունդ են առնում ուշագրավ նոր մտահղացումներ: Ասել է թե` կանանց ակտիվ գործունեությունն ընդգծված է արտահայտվում Արցախի ժողովրդավարական կուսակցությունում:

Ըստ ԱԺԿ առաջնորդի` կուսակցական տարբերությունները չպետք է պատճառ լինեն, որ խրամատներ, անջրպետներ ստեղծվեն: «Պատգամավորության թեկնածուները,- ասաց նա, պետք է փորձեն իրենց շուրջը համախմբել մարդկանց, ովքեր մտածողությամբ, աշխարհայացքով, գաղափարներով շատ մոտ են»:

Բանախոսն անդրադարձավ նաև կուսակցության նախընտրական ծրագրին: Նա մասնավորապես ասաց. «Մենք շարունակում ենք ապրել փխրուն խաղաղության պայմաններում և պետք է հասկանանք, որ առաջին հերթին պետական հոգածության կարիք ունեն խրամատում կանգնած զինվորները, 18-20 տարեկան այն երիտասարդները, որ հսկում են մեր երկրի անդորրը: Անցյալ տարվանից սկսած մեր հակառակորդը ռազմական ագրեսիա է ծավալել: Պայքարը շարունակվում է, մենք կարող ենք հաղթել, եթե մեր ներքին կյանքը խաղաղ լինի, մեր ամրությունը չթուլացնենք,- ասաց պատգամավորության թեկնածուն: – Այս ընտրություններից մեր երկիրը պիտի դուրս գա ավելի ուժեղ: Մենք պիտի համոզված լինենք, որ ժողովրդի ընտրությունը ճիշտ է եղել, մարդիկ ընտրել են նրան, ում հավատացել են»:

31032015-1 31032015-2