Քարոզարշավը թափ է առնում

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում թեկնածուների առաջին հանդիպումը ծրագրել էր ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության թանգարանում: Իսկ կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանը, որ թիմակից ընկերների` համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրված Ժաննա Գալստյանի, ԱԺԿ Կենտրոնական խորհրդի անդամ Դոնարա Գաբրիելյանի և մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Դավիթ Մելքումյանի հետ, այցելել էր ազատ ու անկաշկանդ զրույց ունենալու, ընտրողների տրամադրությունը «շոշափելու» մտադրությամբ, անկեղծորեն խոստովանեց, թե ամեն անգամ սրահ ոտք դնելուց` տղաների «ներկայությունից» /նրանց մեծադիր նկարներից/ շատ է հուզվում ու հիշողություններով տեղափոխվում ոչ հեռավոր անցյալի գիրկը: «Ասես բոլորի դեմքերը վաղուց ծանոթ են ինձ ու նրանք պարտավորեցնում, զգոնության կոչ են անում»…

Իր ելույթում Ա.Ղուլյանը նշեց, թե հանդիպման վայրը պատահականորեն չի ընտրվել, ու իրենք քարոզարշավի մեկնարկման առիթով թանգարան են եկել զոհված ազատամարտիկների հարազատների օրհնությունը ստանալու, խոնարհվելու նահատակված այն տղաների առաջ, որոնց արյան գնով Արցախն ազատություն և պետական անկախություն ձեռք բերեց ու այսօր շարունակում է պայքարն` իր իրավունքների համար: Նրա խոսքով, անկախության հռչակումից հետո քաղաքական շատ իրադարձություններ են տեղի ունեցել երկրում, այդ թվում` նախագահական, խորհրդարանական և ՏԻՄ-ի ընտրություններ: Մայիսի 3-ին կայանալիք հերթական` թվով 6-րդ խորհրդարանական ընտրությունները, որ մի քայլ առաջ կլինեն ժողովրդավարական արժեքների ամրապնդման տեսանկյունից, յուրահատուկ քննություն կհանդիսանան քաղաքական ուժերի համար: Չէ՞ որ Սահմանադրության և Ընտրական նոր օրենսգրքի համաձայն, գալիք խորհրդարանը գործելու է մշտական հիմունքներով և արհեստավարժություն, օրենսդրական գործունեության լիարժեք իմացություն է պահանջելու պատգամավորներից: Իսկ, որպեսզի արդարացվեն ընտրողների ակնկալիքները, Ազգային Ժողովում առաջին հերթին պիտի ընտրվեն գաղափարապես հասուն, կիրթ ու զարգացած, օրենսդրական աշխատանքի որոշակի փորձ ունեցող անձինք, ովքեր պետական շահը վեր են դասում անձնականից և անմնացորդ ծառայելու են ժողովրդին, Հայրենիքին: Աշոտ Ղուլյանի համոզմամբ, խորհրդարանական ւնտրություններին ԱԺԿ-ի կողմից երաշխավորվել են բացառապես մարդկային նման նկարագրի տեր թեկնածուներ և ինքը հավատացած է, որ քվեարկության ժամանակ ճիշտ ընտրություն կկատարվի:

Դիմելով հանդիպման մասնակիցներին և ընդգծելով նրանց դերը` հայրենիքի համար հերոս զավակներ ծնելու և դաստիարակելու, պետության ամրապնդման գործում, Ա.Ղուլյանը հավաստիացրեց, որ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ձգտելու է երբեք նրանց հուսախաբ չանել ու հավատ ներշնչել ապագայի նկատմամբ: ԱԺԿ առաջնորդը, բնականաբար, անդրադարձել է նաև կուսակցության նախընտրական ծրագրի որոշ դրույթների: Նա ավելորդ չի համարել հիշեցնել, որ «ԱԺԿ-ն համախոհների միություն է, հայրենասեր ու երկրի ճակատագրով մտահոգ մարդկանց մի կազմավորում, որը պատասխանատու է ղարաբաղյան շարժման ազատական ոգու, արցախյան պատերազմի հաղթական կամքի և ապագայի հանդեպ ամուր հավատի պահպանման ու գալիք սերունդներին այդ արժեքները փոխանցելու համար»:

Ընտրողների առաջ ելույթ ունեցան նաև ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը, մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու Դավիթ Մելքումյանը, «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը:

Վերջում պատգամավորության թեկնածուները պատասխանել են ընտրողների տարաբնույթ հարցերին:

ԼՂՀ ԱԺ ղեկավար, ԱԺԿ կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը կուսակից ընկերների հետ հյուրընկալվել է նաև «ԼՂՀ աշխատանքի ու պատերազմի վետերանների միություն» և «ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների  հարազատների միություն» հասարակական կազմակերպություններում

30032015-130032015-2