ԱԺԿ կենտրոնական խորհրդի նիստ

Մարտի 17-ին տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության կենտրոնական խորհրդի (ԱԺԿ ԿԽ) ընդլայնված նիստը:

Օրակարգում 2015 թվականի մայիսի 3-ի հերթական խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հետ կապված հարցերն էին:

Ներկայացնելով կուսակցության ռազմավարությունն ու նախընտրական ծրագրի հիմնական ուղղությունները` ԱԺԿ կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանն իր ելույթում ընդգծել է, որ քաղաքական կուսակցությունների համար խորհրդարանական ընտրություններն ամենալավ քննությունն են գաղափարախոսական, ծրագրային, կազմակերպչական, կադրային և այլ չափումներում: Անդրադառնալով նախորդ երեք խորհրդարանական ընտրություններին մասնակցությանը եւ ձեռքբերումներին` ԿԽ նախագահն կարեւոր է համարել կուսակցության ռազմավարական ուղեգծի շարունակումն ու ակտիվ կուսակցական շինարարությունը:

Այնուհետեւ կենտրոնական խորհուրդը քննարկել ու հաստատել է ԱԺԿ համամասնական ցուցակն ու կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուներին:

ԱԺԿ ԿԽ նախագահի տեղակալ Սուրեն Գրիգորյանը նշել է առաջիկա ընտրությունները ժողովրդավարական սկզբունքներով եւ ազատ մրցակցությամբ անցկացնելու կուսակցության տրամադրվածությունը՝ կարեւորելով Արցախի միջազգային հեղինակության բարձրացման  խնդիրը:

Ամփոփելով նիստի արդյունքները` ԿԽ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին ԱԺԿ-ն մասնակցելու է արհեստավարժ ու արժանի թեկնածուների կազմով  եւ ակնկալում է ընտրության իրավունք ունեցող ԼՂՀ քաղաքացիների վճռական աջակցությունը:

DPA-Meeting-1 DPA-Meeting-2 DPA-Meeting-3 DPA-Meeting-4