«Միասին փրկենք 100 կյանք»

Երկրի մայր բուհում այս կարգախոսով անցավ Արցախի ժողովրդավարական կուսակցության Կանանց խորհրդի նախաձեռնած ակցիան, որին իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին ոչ միայն ուսանողները, այլ նաև համալսարանի դասախոսները:

Ինչպես բուհում կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրին ռեկտոր Մանուշ Մինասյանը, առողջապահության փոխնախարար Զոյա Լազարյանը և ԱԺԿ Կանանց խորհրդի նախագահ Սուսաննա Ավշարյանը, ակցիայի նպատակն է «ուսանողության լայն շերտերի ընդգրկմամբ համալրել լիարժեք դոնորների շարքերը և հանրապետությունում ստեղծել արյան բանկ»: Մտահղացման իրագործումը ողջունեցին և ոգևորությամբ ընդունեցին համալսարանականները: Ու, չնայած պարապմունքները մի փոքր ընդմիջվեցին, այնուամենայնիվ, «խախտումն» այդ արդարացված էր: Չէ՞ որ ակցիայի իրագործմամբ կփրկվեն հայրենակիցների 100 վտանգված կյանքեր: Կարևորելով մարդասիրական, ազգանպաստ ձեռնարկման նշանակությունը, խորհրդի նախագահ Ս.Ավշարյանը դիմելով ներկաներին` կոչ արեց, «Քանի որ արցախցիներն ապրում են փխրուն խաղաղության պայմաններում և հակառակորդի կողմից հրադադարը հաճախակի խախտելու պատճառով երբեմն վիրավորներ և անդառնալի կորուստներ ենք ունենում, ըմբռնումով մոտենալ խնդրին և համալրել դոնորների շարքը, «պահեստում մշտապես արյուն ապահովել և դրանով իսկ փրկել մեր հայրենակիցների կյանքը»:

Ակնկալելով ուսանողների ակտիվ մասնակցությունը, նման կոչով  հանդես եկավ և առողջապահության փոխնախարար Զոյա Լազարյանը. «Գործի բերումով հաճախ ենք հաղորդակցվում խնդրին առնչվող հարցերին ու պիտի խոստովանել, որ երբեմն անհարկի դժվարությունների առաջ ենք կանգնում: Ծանր հիվանդների թվի անկանխատեսելի աճը մեզ պարտավորեցնում է սթափ գնահատել իրավիճակը և պահանջվող քանակությամբ դոնորային արյուն ունենալ: Իսկ նման ակցիաների կազմակերպումն այդ տեսանկյունից գնահատելի է ու կարծում եմ, որ մարդկանց, առողջության վերականգնման գործում նույնպես վճռորոշ դերակատարություն կարող է ունենալ»,- համոզված է փոխնախարարը:

Րոպեներ հետո ուսումնական հաստատության բուժծառայությունում արդեն հերթեր էին գոյացել և ուսանողներից շատերն էին ցանկություն հայտնում մասնակցել ակցիային: Սկզբից արյուն է վերցվում փորձաքննության համար, հետագա փուլում, երբ ակնհայտ կդառնան արդյունքները, «կկանխորոշվի» նաև դոնորների կարգավիճակը…

Իսկ ինչպես մասնագետներն են վստահեցնում, արյուն տրամադրելն ամենևին էլ վտանգավոր չէ, ընդհակառակը` երևույթը խիստ շահեկան է մարդու առողջության համար»…