ԱԺԿ Կենտրոնական խորհրդի նիստը

Մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփմանն ու կուսակցության առջև ծառացած առաջնահերթ խնդիրների լուծմանն էր միտված ԱԺԿ Կենտրոնական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը:

Ընդլայնված նիստին, Կենտրոնական խորհրդի անդամներից բացի, հրավիրվել էին տարածքային կառույցների ղեկավարները, վերստուգիչ հանձնաժողովի անդամները, ԱԺ համամասնական և մեծամասնական ընտրացուցակներով ընտրված պատգամավորները, Կանանց խորհրդի, ինչպես նաև ԱԺԿ երիտասարդական թևի ներկայացուցիչները:

Իր խոսքում այն միտքն արտահայտելով, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն կարող գոհացնել Արցախի  ժողովրդավարական կուսակցությանը, քանի որ ընտրական գործընթացների ժամանակ քաղաքական ոչ բոլոր ուժերն են առաջնորդվել բարեկիրթ և արդար  մրցակցության պահանջներով, միևնույն ժամանակ Ա.Ղուլյանը Կենտրոնական խորհրդի և անձամբ, իր անունից երախտագիտություն հայտնեց այն բոլոր ընտրողներին, ովքեր քվեարկել են ԱԺԿ-ի օգտին` դրանով իսկ դրսևորելով իրենց համակրանքն ու վստահությունը` ժողովրդավարական արժեքներին դավանող կուսակցության նկատմամբ: Նրա համոզմամբ, ոչ դյուրին պայքարի արդյունքում առանձին ընտրատարածքներում շոշափելի հաջողություններ են արձանագրվել, սակայն դրանք բավարար համարել չի կարելի և թիմային աշխատանքները գլխավորապես պիտի ուղղված լինեին առավել «թիրախային»/առանցքային/ հարցերի համակարգմանն ու հստակ մարտավարության իրագործմանը:

Պարոն Ղուլյանը նշեց, որ «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, այսուհետ ևս շարունակելու է երկրի առանցքը պահող քաղաքական ուժ հանդիսանալ և ազնվորեն ծառայել ժողովրդին»: Նա հավելեց նաև, որ կուսակցության ղեկավարությունն անպայման անհրաժեշտ հետևություններ կանի սխալներից և բացթողումներից կփորձի հնարավորինս դրանք արագ շտկել ու արդարացնել ընտրողների վստահությունը, ամեն ինչ կարվի` հանրության շրջանում կուսակցության վարկանիշն անխաթար պահելու համար:

Նիստում ծավալված մտքերի փոխանակությանը մասնակցեցին և առաջարկություններով հանդես եկան ԱԺԿ փոխնախագահներ Սուրեն Գրիգորյանը, Վարդգես Բաղրյանը, Կենտրոնական խորհրդի անդամներ Մայոր Դանիելյանը, Էդուարդ Ղուկասյանը, Պավել Նաջարյանը, Դոնարա Գաբրիելյանը, Դավիթ Միքայելյանը, Ռայա Նազարյանը, Սլավիկ Առուշանյանը, ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ԱԺԿ Կանանց խորհրդի նախագահ Սուսաննա Ավշառյանը, Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ Ժիրայր Հայրապետյանը, ԱԺԿ Ստեփանակերտի քաղաքային խորհրդի փոխնախագահ Սվետլանա Դավթյանը, Հադրութի շրջանային խորհրդի նախագահ Վիտալի Պետրոսյանը և ուրիշներ: