Նոյեմբերի 26-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ ԱԺԿ կենտրոնական խորհրդի անդամ, ԱՀ գրողների միության անդամ, վաստակավոր լրագրող, բանաստեղծ, հրապարակախոս և երգահան Դավիթ Միքայելյանի «Սիրուց և ցավից ծնված երգեր» երգարանի շնորհանդեսը:
Ժողովածույում տեղ են գտել Դ. Միքայելյանի տեքստերով տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ և նրա հեղինակած երգեր:
Երգահանի հեղինակային երեկոն ասմունքով, երգերով և պարերով շնորհավորեցին Արցախի Ժողովրդավարական կուսակցության «Տատիկների ակումբ»-ի, ՊԲ «Ասպետ» համույթի անդամները, ինչպես նաև Հանրապետության ստեղծագործական տարբեր խմբեր, որոնց ելույթները ջերմ ընդունելության և ծափերի արժանացան հանդիսատեսի կողմից:
Ժողովածուն հոգու տուրք է նվիրված Արցախյան պատերազմի և ապրիլյան օրերին նահատակված հայ քաջորդիներին, որոնց հարազատները ներկա էին միջոցառմանը: Հեղինակի նպատակն է երգաշարով փոքր ինչ թեթևացնել որդեկորույս մայրերի վիշտը, սպեղանի լինել նրանց վերքերին:
ԱՀ Ազգային Ժողովի նախագահ, ԱԺԿ ԿԽ նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունելով երեկոյի կազմակերպիչներին և ներկաներին՝ շնորհավորեց Դ. Միքայելյանին որպես արհեստավարժ լրագրող, բանաստեղծ, երգահան, ով կարողացել է ժողովրդի հիշողությունն ու կենսագրությունը թղթին հանձնել և փոխանցել սերունդներին, որոնք դեռ կհնչեն երկար տարիներ: