Արցախի ժողովրդավարական կուսակցությունը վերահաստատում է իր հանձնառությունը երկրում ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության և սոցիալական արդարության ամրապնդման ուղղությամբ և այդ նպատակներին հասնելու մտադրությամբ հայտարարում է 2019թ. տեղական ինքնակառավարման մարմինների ու 2020թ. համապետական ընտրություններին մասնակցելու համար նախապատրաստական աշխատանքներ ծավալելու մասին:
ԱԺԿ Կենտրոնական խորհուրդը, փետրվարի 16-ի նիստում քննարկելով կուսակցության առաջիկա անելիքները վերոնշյալ քաղաքական գործընթացների համատեքստում, որոշում է.
հանձնարարել կուսակցության տեղական և տարածքային կառույցներին՝ պատրաստել հաշվետվություններ ընթացիկ աշխատանքների և ռեսուրսների վերաբերյալ,
նախաձեռնել նոր գաղափարների ու ծրագրերի հավաքագրում՝ ներգրավելով երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին և ապահովելով սահուն սերնդափոխություն կուսակցության բոլոր օղակներում, այդ թվում՝ ղեկավար մարմիններում,
կազմակերպել քննարկումներ հանրության լայն շերտերի մասնակցությամբ՝ երկրի հետագա զարգացման տեսլականի շուրջ, ինչպես նաև տարբեր ոլորտներում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները վերհանելու նպատակով:
Կենտրոնական խորհուրդը առաջարկություններ կներկայացնի ԱԺԿ համագումարին առաջիկա քաղաքական գործընթացներին կուսակցության մասնակցության վերաբերյալ, վերջինս էլ կուսակցության Կանոնադրությամբ, երկրի Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կարգով ու ժամկետներում հանրությանը կիրազեկի ընդունված որոշումների մասին:
16 փետրվարի 2019թ.
ք. Ստեփանակերտ