Քաղաքական մշակույթի երկու տարբեր ընկալումներ` մեկ ընտանիքում

Սեպտեմբերի 9-ին Արցախում կայացել են Ազգային ժողովի պատգամավորների լրացուցիչ ընտրություններ, որոնց արդյունքներն արդեն հայտնի են: ԿԸՀ տվյալներով ոչ նախընտրական շրջանում, ոչ էլ ընտրություններից հետո որևէ բողոք չի եղել:

Մի քանի օր հետո՝ սեպտեմբերի 12-ին hraparak.am կայքում տպագրվում է մի նյութ, որը «գուժում» էր սենսացիոն բացահայտումների մասին: Հաջորդ օրը ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը նույն կայքում հանդես է գալիս խոստովանությամբ՝ բացահայտելով իր «գաղտնալսողի» տաղանդը, որ նյութի հեղինակը ինքն է՝ կեղծ տեղեկություններով ու առանց փաստերի ենթադրությունները ներկայացնելով որպես ընտրախախտումներ, իսկ Արցախի ժողովրդավարական կուսակցության  նախագահին մեղադրում իր կուսակցի օգտին քարոզարշավին մասնակցելու հարցում:

Իսկ հիմա՝ զավեշտալի իրականությունը. Վահրամ Աթանեսյանի որդին՝ Տիրան Աթանեսյանը, ով թիվ 11 ընտրատարածքի 7 թեկնածուներից մեկն էր, ընտրությունների ավարտին՝ գիշերը զանգել է այդ ընտրատարածքում հաղթած թեկնածու Գեղամ Ստեփանյանին և շնորհավորել նրան: Ավելին, մի քանի օր հետո Տիրան Աթանեսյանը, ով 1046 ձայն պակաս էր հավաքել իր մրցակցից, հանդիպել է Գեղամ Ստեփանյանին և  բառացիորեն ասել հետևյալը. «Ես ուրախ եմ, որ ձեր հաղթանակը կոռեկտ ու քաղաքակիրթ մրցապայքարի արդյունքում է կայացել, հուսով եմ, որ դուք էլ նույն կարծիքն ունեք մեր ընտրապայքարի մասին»: Ոչ ավել, ոչ պակաս՝ մնում է զարմանալ. նոր սերունդը իրո՞ք կարողանում է գնահատել արդար ընտրությունների արժեքը, իսկ ավագ սերնդի որոշ ներկայացուցիչներ շարունակում են ապրել իրենց կառուցած ատելության ամրոցներում:

Մեր նախընտրական շտաբի տվյալներով Վահրամ Աթանեսյանը նույն ընտրատարածքում ինքն է դիմել բազմաթիվ ընտրակեղծարարության, այդ թվում՝ բաժանել դիզվառելիք, կահույք, շինանյութ, հաճար, կազմակերպել խնջույքներ՝ ընտրողներին կողմնորոշելով «մեր տղային» ընտրելու օգտին: Նույն մտադրությամբ Վ. Աթանեսյանը փորձում է սևացնել բոլոր այն ընկերություններին, որոնք քաղաքականությանը չխառնվելու հիմնավորմամբ մերժել են նրա որդու օգտին քարոզչությանը մասնակցելու առաջարկը:

Ժողովրդավարության և օրինականության հիմնական ցուցիչներից մեկն էլ ազատ ընտրություններն են, այլ ոչ թե խոսքի ազատության իրավունքից օգտվելով հերյուրանքների ու կեղծիքների տարածումը:

Ջիվան Հայրապետյան
Թիվ 11 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Գեղամ Ստեփանյանի նախընտրական շտաբի պետ