Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի փոխնախագահ, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը օրերս մասնակցել է Եվրոպական ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցության ամենամյա գլխավոր վեհաժողովին: Միջոցառումը տեղի է ունեցել 2017թ. մարտի 30-ից ապրիլի 2-ը, Լեհաստանի Հանրապետության Կատովիցե քաղաքում՝ ԵԱԴ-ին անդամակցող 46 կուսակցությունների շուրջ 200 պատվիրակների մասնակցությամբ։
ԵԱԴ-ի լիագումար նիստի ժամանակ, ի թիվս այլ փաստաթղթերի, ընդունվել է Արցախին վերաբերող հռչակագիր, որով դաշինքը վերահաստատում է իր աջակցությունը Արցախի ժողովրդի՝ ազատ ապրելու և ժողովրդավարական պետականություն զարգացնելու իր ձգտմանը, ինչի արձանագրումը 2017թ. փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեն է: ԵԱԴ-ը պահանջ է առաջադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ԵԱՀԿ գործող նախագահին և միջազգային հանրությանը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի իշխանության ապակառուցողական քաղաքականությունը և արդյունավետ միջոցներ ձեռնարկել լարվածության հետագա սրացումը կանխելու համար:
Հռչակագիրն անդրադառնում է նաև հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությանը և շփման գծում լարվածության սրացման անթույլատրելիությանը՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ։
Փաստաթղթով պահանջ է ներկայացվում Ադրբեջանի իշխանություններին՝ հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները և դադարեցնել Արցախ այցելող քաղաքացիների նկատմամբ հետապնդումները։
Եվրոպական ազատ դաշինքի ամենամյա վեհաժողովի օրերին ԱԺԿ ներկայացուցիչը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԵԱԴ մի շարք կուսակցությունների պատասխանատուների հետ:
Եվրոպական ազատ դաշինքը (ԵԱԴ) եվրոպական քաղաքական կուսակցություն է, որը միավորում է քաղաքական ինքնիշխանության կամ իրենց երկրի ու տարածաշրջանի ինքնակառավարմանը ձգտող եվրոպական կուսակցություններին։ Դաշինքը ինքնորոշման իրավունքի ջատագովներից է և պաշտպանում է իրենց ապագան տնօրինելու ժողովուրդների իրավունքը: Ինքնորոշման իրավունքը առանցքային տեղ ունի ԵԱԴ-ի ծրագրում և գաղափարախոսության մեջ։ Արցախի ժողովրդական կուսակցությունը ԵԱԴ դիտորդ-անդամ 2015 թ.-ից։