ԱԺԿ-ն ազատ է թողնում ընտրություններին մասնակցության և քվեարկության հարցերը

Հարգելի հայրենակիցներ,

Մարտի 31-ին մեր հանրապետությունում տեղի են ունեցել նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ, որի արդյունքում ձևավորվել է նոր` 7-րդ գումարման խորհրդարանը, իսկ նախագահական ընտրությունները անցել են երկրորդ փուլ:

Մեր երկրի համար այս կարևոր քաղաքական իրադարձությունը անցել է ոչ ստանդարտ իրավիճակում: Մեր հանրությունը մի կողմից պետք է դրսևորեր քաղաքացիական բարձր գիտակցություն` իր քվեով ձևավորելով նոր իշխանություններ, մյուս կողմից համաշխարհային պանդեմիայի պայմաններում պահպաներ բարձր զգոնություն` համավարակի տարածման վտանգը կանխելու համար:

Որպես Արցախի քաղաքական դաշտի պատասխանատու դերակատար` Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ակտիվորեն մասնակցել է քաղաքական գործընթացներին: Քարոզարշավի ընթացքում մենք առաջնորդվել ենք հանրության հետ առավելագույնս ազնիվ հաղորդակցվելու տրամաբանությամբ` ներկայացնելով հանրային բարձր պահանջարկ ունեցող խնդիրների լուծման մեր տեսլականը: Մենք չենք գնացել անիրատեսական խոստումներ տալու կամ հանրության մի հատվածին մյուսի դեմ հանելով քաղաքական դիվիդենտներ շահելու ճանապարհով: Այս ընտրությունները բևեռացված էին, քան երբևէ: Նման բևեռացվածության պայմաններում մենք առաջարկել ենք այլընտրանք, որը արտահայտվել է երիտասարդ ու կարող թիմի և զարգացման հավակնոտ ծրագրի համադրությամբ: Սակայն, ցավոք, հենց նույն բևեռացվածության պայմաններում մեր առաջարկը համապատասխան ընկալում չի ստացել հանրության կողմից: Նախորդ հայտարարություններում ներկայացրել ենք մեր տեսակետը, որ ընտրությունները անցել են մրցակցային, բայց ոչ հավասար պայմաններում:

Սիրելի հայրենակիցներ,

Ժողովրդավարական կուսակցությունը նախագահական ընտրություններին մասնակցել է սեփական թեկնածուով: Հաշվի առնելով, որ մեր թեկնածուն երկրորդ փուլ չի անցել, ինչպես նաև այն հանգամանքը, որ երկրորդ փուլին մասնակցող թեկնածուներից մեկը հայտարարել է ընտրությունները բոյկոտելու մասին, որևէ թեկնածուի սատարելու կամ չսատարելու մասին հարցը անիմաստ է դառնում: Մյուս կողմից նկատի առնելով նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգը` կուսակցությունը ազատ է թողնում իր անդամներին և համակիրներին ընտրությունների մասնակցության, ինչպես նաև որևէ թեկնածուի օգտին քվեարկելու հարցում, իսկ ռիսկային խմբերում գտնվող մեր հայրենակիցներին կոչ է անում առաջնորդվել առողջապահության նախարարության մասնագիտական ցուցումներով: