Ապրիլի 4-ին տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի(ԿԽ) ընդլայնված նիստը, որի օրակարգում մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների արդյունքների ամփոփումն էր։
Կուսակցության տարածքային միավորների, նախընտրական շտաբների պատասխանատուները և վստահված անձերը Կենտրոնական խորհրդին են ներկայացրել ընտրությունների հետ կապված իրենց դիտարկումները, արձանագրած խախտումներն ու առաջարկները։
Ամփոփելով նախընտրական գործընթացների ու ընտրությունների արդյունքները՝ ԿԽ նշել է, որ արձանագրված խախտումներն ու թերությունները, ընդհանուր առմամբ, էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների վերջնական ելքի վրա: Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ընդունում է ընտրությունների արդյունքները՝ համարելով, որ ընտրություններն ընթացել են անհավասար, բայց մրցակցային պայմաններում։ Կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իր նախընտրական ծրագրի օգտին քվեարկած բոլոր ընտրողներին։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ կուսակցությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։