«ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ». Մելսիդա Քարդումյան

Յուրաքանչյուր սերունդ ունի իր պայքարը, ինչը անհրաժեշտ է տեսակի պահպանման համար։

«Ձեր սերունդը» մի արտահայտություն է, որը միշտ եղել է ու կմնա ակտուալ։ 70-ական թվականներին սովետական «Գարուն» ամսագրում տեղ էր գտել մեր հասակակից տղայի մի հոդված, որը մինչև այսօր մնացել է հիշողությանս մեջ։ Այնտեղ գրված էր․ «Դուք մի քննադատեք մեզ այդքան շատ, հարգելի մեծեր։ Եթե պետք լինի մեր այս երկար մազերն էլ կկտրենք ու պարան կսարքենք, այս լայն տաբատներն էլ կփոխարինենք զինվորական համազգեստով»։ Եվ գիտեք` ապացուցվեց։ Արցախյան պատերազմում արդեն մեր սերունդն էր մարտնչում։ Երիտասարդները նահատակվեցին հանուն ապագա երիտասարդության։ Եվ նույնը տեղի ունեցավ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ մեր կողմից անընդհատ քննադատվող երիտասարդները ապացուցեցին իրենց հասունությունը և հզորությունը։

Գիտեք` պատերազմի անցած տեղերում ծաղիկներ չեն աճում, բայց Արցախը բացառիկ էր: Այդ տարիներին երդում տվեցի ինձ, որ եթե ողջ մնամ Փառքի թանգարան եմ հիմնելու։ Պատերազմի ավարտից հետո ձեռնամուխ եղա սուրբ գործի իրականացմանը։ 1999 թվականին տեղի ունեցավ Փառքի սրահի բացումը, որտեղ 700-ից ավելի հերոս նահատակների նկարներ են կախած։ Թանգարանի բացումը սփոփանք հանդիսացավ ինձ համար։ Հաճախ եմ քայլում Փառքի սրահով, նրանց հայացքները ինձ ուժ են տալիս, ստիպում շարունակել պայքարը հանուն մեր երիտասարդների, հանուն մեր երկրի։

Այժմ Մարտակերտի թիվ 2 հանրակրթական դպրոցի տնօրենն եմ։ Ես բախտավոր կին եմ, քանզի ինձ հնարավորություն է տրվել դաստիարակել և կրթել մանուկների։ Այս ուղին շատ պատասխանատու է և դժվար, բայց և միևնույն ժամանակ հետաքրքիր։ Մեր երիտասարդները ավելի համարձակ են, ավելի զարգացած և ինչու չէ, ավելի խելոք են, քան` մենք։ Իմ ուղերձը հետևյալն է․
– Վստահեք և քաջալերեք մեր երիտասարդներին։ Նրանք ինչքան հզոր են, այնքան էլ խոցելի են։
Պետք է նշեմ, որ հայրենիքը այդչափ սիրելու գործում մեծ դեր է խաղացել Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը, որը համախմբել է մեզ հանուն գաղափարի, մղել մեզ կյանքը ճիշտ արժեքներով կառուցելու, ծառայելու ժողովրդին, օգնելու կարիքավորներին։
Մարտակերտ քաղաքում ինձ ճանաչում են որպես ժողովրդավար Մելսիդա, և դա ինձ համար մեծագույն պատիվ է։
Քարդումյան Մելսիդա, 60 տարեկան