«ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»․ Ռոբերտ Հակոբյան

Մարդու արժանապատվությունը նրա բարձրագույն արժեք լինելու մեջ է, և ես՝ որպես բժիշկ, առաջնորդվում եմ այս սկզբունքով։
Ես բժիշկ Հակոբյանն եմ։ Ծնվել եմ 1969 թվականին Հադրութ քաղաքում։ Մանկությունս անցել է սարերում, փոքրուց ապրել եմ մեր երկրամասով, բարիքներով հիացած։ Հիշողությանս մեջ վառ են մանկության հուշերս՝ երջանիկ օրեր, հետաքրքիր ավանդույթներ, չնաշխարհիկ բնություն: Այդ և հետագա տարիներին ապրել եմ մեր Արցախ աշխարհով հիացած։ Ավարտել եմ Հադրութի դպրոցը, այնուհետև ընդունվել Բաքվի բժշկական ինստիտուտը։ Մեկ տարի սովորելուց հետո անցել եմ ծառայության սովետական բանակում։ Սումգայիթի ջարդերիրց հետո ուսումս շարունակել եմ Երևանի Պետական բժշկական համալսարանում, այնուհետև՝ Աշխաբադ քաղաքում:
1994 թվականին վերադարձել եմ հայրենիք և անցել ծառայության պաշտպանության բանակում՝ որպես անեսթեզիոլոգ։ 1999 թվականին զորացրվել եմ բանակից, սակայն մինչ այսօր ծառայում եմ իմ ազգին։ Անձնավեր ծառայության համար 2014 թվականին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից պարգևատրվել եմ «Գարեգին Նժդեհ» շքանշանով։ Ապրիլյան պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության համար արժանացել եմ «Ադմիրալ Իսակով» մեդալի։
Բժշկի աշխատանքը չես համեմատի այլ մասնագիտության հետ: Այն աշխարհի ամենավեհ մասնագիտություններից մեկն է, որում մասնագիտական ունակություններից զատ, նաև մարդկության գրված ու չգրված օրենքներին պետք է հետևես: Այն պահանջում է լինել մաքուր հոգով և սրտով՝ ապրել ուրիշների կյանքով, մեղմել նրանց ցավը։ Կյանքը բժշկի համար մշտական պայքար է։ Մենք կոչված ենք ծառայելու մարդկանց։ Բժշկին սպիտակ խալաթը չէ, որ պարտավորեցնում է այդ պահին․ դու միշտ անհանգիստ ես, մտածում ես հիվանդների առողջական վիճակի մասին։
Կինս նույնպես բժշկուհի է։ Ունենք 3 որդի, սիրո և համերաշխության պակաս մեր օջախում չկա: Յուրաքանչյուր օրն էլ գրկաբաց ենք ընդունում` հիացած մեր աշխատանքով, ժողովրդով ու երկրամասով։ Մտահոգ ենք մեր ժողովրդի ապագայով: Մենք էլ մեր մասով ենք փորձում անել հնարավոր ամեն ինչ՝ մեր ժողովրդին անհոգ և երջանիկ տեսնելու համար։ Արցախի հերոս ժողովուրդը արժանի է բարեկեցիկ կյանքով ապրելու:
2004 թվականից ԺԱՄ-ի, ապա Արցախի Ժողովրդական կուսակցության անդամ եմ, իսկ 2019 թվականից ԱԺԿ Հադրութ քաղաքի գրանսենյակի ղեկավարն եմ։ Մեր կուսակցությունում մարդկային արժանապատվությունը, մարդու իրավունքների և ազատությունների ապահովումը առաջնային տեղում են, ինչի համար անչափ ուրախ եմ: Ժողովրդավարությունն Արցախում պետք է հաղթի: Քանզի դա է լուսավոր ապագայի գլխավոր երաշխիքը:

Հակոբյան Ռոբերտ, 50 տարեկան