«ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ». Ժիրայր Հայրապետյան

Ամենաթանկը, ինչը կարող է սովորել մարդը կյանքի ընթացքում, Աստծո ձայնը լսելն է, և այդ ձայնը ինձ միշտ ասում է, որ այս հողը տրվել է մեզ որպես պարգև, որի անդորրը մենք պիտի հսկենք։ Մենք միշտ պետք է հիշենք մեր ազգի ընտրյալ լինելու փաստը և լինենք արարող և աներկբա։
Ես Ժիրայրն եմ: Ծնվել եմ 1972 թվականին Քերթ գյուղում` բանվորի ընտանիքում։ Սովորել եմ տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո 1989 թվականին ընդունվել եմ Արցախի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Ուսումնառությունս և Արցախյան շարժումը անցել են համատեղ: Սովորելու տարիներին համալսարանում գործում էին ուսանողական ջոկատներ, որոնց կազմում էի նաև ես: Ցուրտ ու մութ տարիներին երիտասարդներս հատուկ լավատեսությամբ ու կամքի ուժով էինք առաջ շարժվում՝ չկորցնելով լուսավոր ապագայի հանդեպ մեր հավատը:
Բանակի կազմավորման փուլում համալրեցի շարքերը: Տարիների ընթացքում ընտելանում էի բանակային անցուդարձին: Պարտականություններս ստանձնելու պահին շարքային էի, ապա անցնելով բոլոր սահմանված աստիճանները՝ հասա վաշտի հրամանատարի պաշտոնին: Այդ շրջանը զարթոնքի և համախմբան տարիներ էին։ Հենց այդպիսի դժվարին պահերին ես հասկանում, որ փրկությունը այստեղից է սկսվում, Հայաստանն է այստեղից սկսվում, այս հողի համար արյուն թափած զինվորների շիրիմներիից։
Պատերազմի ավարտից հետո մեկ տարի Ներքին Դլղարդայում լծվեցի բանակաշինության բարդ գործին։ Այդ տարիներին ամենադժվարը երկիրը մոխրից վերածնելն էր, բայց մենք կարողացանք։ Ասում եմ չէ՞, մենք ընտրյալ ազգ ենք: Աշխարհում ոչ մի ազգ այդպես չի մահացել և կրկին վերածնվել, հաղթահարել:
1997 թվականից ցայսօր հանդիսանում եմ Քերթի դպրոցի տնօրեն։ Անում եմ ամեն հնարավորը գյուղը շենացնելու, երիտասարդներին մոտիվացնելու և ակտիվացնելու համար, քաջ գիտակցելով, որ երիտասարդությունը հասարակության շարժիչ ուժն է։
2002 թվականից սկսել եմ զբաղվել քաղաքականությամբ։ ԺԱՄ շարժման տեղական կառույցների հիմնադիրներից մեկն էի, գյուղում էլ անձամբ ես եմ հիմնադրել։ Հետայսու էլ երդմանս համաձայն, կմնամ իմ կուսակցության գաղափարախոսությանը հավատարիմ` ձգտելով ավելի ժողովրդավար դարձնել մեր հանրապետությունը։
Կարևոր է նաև այն, որ տարիների իմ աշխատանքը գնահատվել է։ Կրթության ոլորտում ունեցած ավանդի համար պարգևատրվել եմ ՀՀ կրթության նախարարի կողմից, պատերազմական գործողությունների մասնակցության համար արժանացել եմ Արիության մեդալի։ Ունեմ մոտ 40 հոդված քաղաքական, կրթական ոլորտների վերաբերյալ։ Սակայն բոլոր կոչումներից ամենաթանկը ինձ համար արցախցի լինելու կոչումն է, որը տրվել է ի վերուստ։
Ժիրայր Հայրապետյան, 48 տարեկան