«ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»․ Սվետլանա Ասրյան

Ես ապրում եմ արցախցու լիարժեք կյանքով։ Արցախցի եմ ուղն ու ծուծով: Այդ հատկանիշները իմ մեջ ներարկել է տատս, ով, լինելով մի ավանդապաշտ ընտանիքի մայր, դաստիարակել է ինը երեխա և թույլ չի տվել, որ երեխաներից որևէ մեկը այլ բնակավայրում ապրի։ Տները կառուցել է տվել կողք կողքի` Խնաբադ գյուղում։ Մեր ընտանիքը ինձ միշտ հիշեցրել է արցախյան դալար ծառ, որը արմատներ տարածելով հողում, տվել է նոր կյանքեր։ Ապրում էինք իրար հարևանությամբ, իրար հոգսերով, և այդ ավանդույթը մինչև օրս շարունակվում է։ Սա է յուրաքանչյուր ազգի ուժեղ լինելու գրավականը։ Մանկուց կապված եմ եղել այս հողին, երկրամասին և ասել եմ` մեր աղբյուրի ջրից քաղցր, մեր տաշտի հացից համով բան չկա։

Ավարտել եմ Խնաբադի դպրոցը և այնուհտեև սովորել Երևանի Պետական Համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում։ Համալսարանը ավարտելուց հետո, մասնագիտական աշխատանք չգտնելու պատճառով, աշխատել եմ մանկապարտեզում որպես դաստիարակ։ Յոթ տարի աշխատելուց հետո տեղափոխվել եմ կրթության բաժին, աշխատել եմ 40 տարի։ Սկզբնական շրջանում որպես նախադպրոցական հիմնարկների մեթոդիստ, այնուհետև որպես առաջին կարգի մասնագետ, մեթոդկաբինետի վարիչ, գլխավոր մասնագետ։ Փորձել եմ միշտ անմնացորդ կատարել աշխատանքս։ Հատկապես հաճելի էր աշխատատել երեխաների հետ։ Նրանց աշխարհը ուրիշ է։ Երեխաների հետ չես սխալվում, նրանք մաքուր են և միշտ ճիշտ ճանապարհ են ցույց տալիս։

2008 թվականին արժանացել եմ «Երախտագիտություն» մեդալի, իսկ 2018 թվականին Վաստակավոր մանկավարժի կոչման։

2017 թվականին լույս է տեսել «Լուսավոր մի հուշ» վերտառությամբ գիրքս։ Որպես գրքի բնաբան ընտրել եմ հետևյալ միտքը. «Ուրիշ է այսերկրում ապրելը, ուրիշ է այս հողը վայելելը, այս երկիրը ուրիշ է։ Պետք է սիրենք, փայփայենք»:

Խորհուրդը, որը գալիս է դարերից, և մենք միշտ պիտի պահենք մեր մեջ հետևյալն է. «Պետք է ապրել իրար հետ և իրարով»։

Կանգնած եմ Արցախի ժողովրդավարական կուսակցության ստեղծման ակունքներում։ Տարիներ շարունակ աշխատել եմ հանուն մեր կուսակցության բարգավաճման։ 2019 թվականից Արցախի ժողովրդավարական կուսակցության Ասկերանի գրասենյակի ղեկավարն եմ: Ձգտում եմ համախմբել այն մարդկանց, ովքեր կիսում են մեր գաղափարները` հանուն երկրի ուժեղացման և զարգացման, մարդու իրավունքների և ազատությունների ապահովման։

Ասրյան Սվետլանա, 66 տարեկան