«ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»․ Վլադիմիր Սիմոնյան

Արվեստը տարիներ շարունակ եղել է ինձ համար առաջնային, մինչև զինվորագրվելը, երբ ես առաջին անգամ զենք բռնեցի, հագա զինվորական համազգեստը և հասկացա, որ կարող եմ հայրենիքիս ավելի շատ օգտակար լինել ծառայելով բանակում, մասնակցելով բանակաշինությանը։ Փոքրուց զբաղվել եմ նկարչությամբ։ Արվեստի աշխարհի հետ ինձ ծանոթացրել է դասատուս` Ռիտա Պողոսյանը, հետագայում սովորել եմ Ռոբերտ Ասկարյանի մոտ։ Մի շարք հանրապետական մրցույթներում դափնեկրի դիպլոմի եմ արժանացել։ Հունաստանում ներկայացել եմ ցուցահանդեսով։ Սակայն, ծառայության անցնելով հայոց բանակում` ես հասկացա, որ պետք է ինձ նվիրեմ հայրենիքիս պաշտպանությանը։ Այդ պահից սկսվեց իմ անձնանվեր ծառայությունը։ Արցախը ինձ համար ավելին է` քան հայրենիքը։ Այս հողի համար է 1992 թվականին Բերձորի միջանքում հերոսաբար նահատակվել հայրս, և մայրս միայնակ է մեծացրել և դաստիարակել ինձ և եղբայրներիս։ Կորցրել եմ ընկերներիս` շատ հզոր տղաների, որոնց շնորհիվ մենք այսօր ապրում ենք ազատ Արցախում։
Ես միշտ մտածում եմ , որ հայրենիքը ընտանիքից է սկսվում։ Իմ երկու որդիրները նույնպես ծնվել և ապրում են Արցախում և ուրիշ հայրենիք չեն պատկերացնում։ Ինքս տարիներ շարունակ ծառայելով բանակում, արել եմ հնարավոր ամեն ինչ` երկիրը ուժեղացնելու և շենացնելու համար։ Այդ շրջանը իմ կյանքի ամենավառ տարիներն են և մեծ հետք են թողել, այնքան մեծ, որ զորացրվելուց հետո անցած ամառ, Ստեփանակերտի թիվ 9 դպրոցի հարևանությամբ բացել եմ զինվորական գարեջրատուն «101 մարտական դիրք» անունով։ Այն մարտական դիրքի մաքսիմալ տեսք ունի։ Այն ինչ դուք կտեսնեք գարեջրատանը, կա նաև մարտական դիրքերում։ Ցանկապատը անիվներից է պատրաստած, կան ականային նշաններ, տանիքը վրանով կապած։ Կարծում եմ՝ գարեջրատունը այն տղամարդկանց համար է, ովքեր կարոտում են իրենց մարտական դիրքերը և այցելելով, «101 մարտական դիրք»` մի պահ ընկղմվում են դիրքեր, որտեղ իրենց ընկերների հետ հաց են կիսել, երբ օդից կախված էր մահվան բոթը։ Ինչպես նաև այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են տեսնել, թե ինչպիսինն է մարտական դիրքը։ Այն հրաշալի և յուրատիպ տեղ է զբոսաշրջիկների համար, և միակ մարտական դիրքն է, որտեղ կարելի է ալկոհոլ օգտագործել(ծիծաղում է)։ Ձեռներեցության հետ զուգահեռ փորձում եմ ակտիվ մասնակցություն ցուցաբերել հասարակական կյանքում։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր արցախցի պետք է իր ուժերի սահմաններում զարգացնի հայրենիքը։ Այսօրվա Արցախը զարգացող և կամք թելադրող պետություն է, սակայն մենք պետք է միշտ հիշենք, թե ինչ գնով ենք հասել այս ամենին և պատրաստ լինենք կատարել նույն սխրանքը՝ հանուն այս դրախտային անկյունի։Այս երկիրը մենք ենք, բարդ, բայց սրտաբաց։
Այժմ աշխատում եմ Արցախի Ժողովրդավարական Կուսակցության գրասենյակում։ Ձգտում եմ անել ամեն ինչ կուսակցության բարգավաճման, ծրագրերի իրագործման համար։
Վլադիմիր Սիմոնյան, 33 տարեկան: