«Ժողովրդավարություն» խմբակցության տեսակետը 2020թ․ պետական բյուջեի վերաբերյալ

ԱՀ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության
Տ Ե Ս Ա Կ Ե Տ Ը
«ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Ինչպես գիտենք, 2020 թվականի գարնանը  մեր հանրապետությունում տեղի են  ունենալու  համաժամանակյա  համապետական ընտրություններ՝  նախագահական և  խորհրդարանական: Սա  աննախադեպ երևույթ է մեր  երկրի նորագույն պատմության մեջ: Ասել է թե՝ ԱՀ 6-րդ գումարման Ազգային ժողովը այսօր վերջին անգամ կընդունի երկրի գլխավոր  ֆինանսական փաստաթուղթը, որով  էլ  մոտավորապես  տարվա կեսերից կառաջնորդվեն նաև նոր կառավարությունը և խորհրդարանը: Այս հանգամանքը գործող խորհրդարանի վրա առավել մեծ պատասխանատվություն է դնում պետական բյուջեում երկրի համար կարևոր ուղղությունների ֆինանսավորմումը ապահովելու և մեր հանրապետության կայուն զարգացման հեռանկար երաշխավորելու տեսանկյսւնից:

Սովորականի պես «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը քննարկվել է հանձնաժողովներում և խմբակցություններում:  Պետք է ասել, որ  դրանք  շատ օգտակար և շահագրգիռ քննարկումներ  էին, որոնց ակտիվորեն մասնակցել են նաև «Ժողովրդավարություն» խմբակցության անդամները՝ բարձրացնելով հրատապ հարցեր և ներկայացնելով տարբեր առաջարկություններ:  Պետք է փաստենք, որ ԱՀ պետնախարարի և ֆինանսների նախարարի հետ խմբակցության հանդիպումը անցել է գործնական մթնոլորտում, որի արդյունքները, ճիշտ է, ոչ ամբողջությամբ, արտացոլված են նաև ամփոփաթերթիկում:

Հուսով ենք, որ մեր այն առաջարկությունները, որոնք տեղ չեն գտել 2020 թվականի կապիտալ շինարարության ծրագրում, հաշվի կառնվեն առաջիկա տարիներին:

Խմբակցությունը կառավարության ուշադրությունն է հրավիրում նաև  հետյալ հանգամանքին. 2020թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծում ՀՆԱ-ի, սեփական եկամուտների և հարկային եկամուտների վերաբերող ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ ի տարբերություն ՀՆԱ-ի՝ թե՛ սեփական եկամուտների և թե՛ հարկային եկամուտների ծավալների նվազեցման միտումներն առաջացրել են սեփական եկամուտներ – ՀՆԱ և հարկային եկամուտներ – ՀՆԱ հարաբերակցությունների նվազում:  Կարծում ենք, առաջիկա տարիներին մեր տնտեսական ծրագրերն ու առաջնահերթությունները պետք է հիմքում ունենան այնպիսի հաշվարկներ, որոնք կապահովվեն վերոնշյալ ցուցանիշների ու հարաբերակցության աճը:

Տարբեր համայնքներում բնակչության հետ մեր հանդիպումների արդյունքում համոզվել ենք, որ տարածքների համաչափ զարգացման հարցը շարունակում է օրակարգային մնալ, ուստի խմբակցությունը առաջարկում է Կառավարությանը առավել մեծ ջանքեր ներդնել այս ուղղությամբ, որը գործնականում պետք է արտացոլվի երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում:

«Ժողովրդավարություն» խմբակցությունը նախորդ տարիներին առաջարկություն է ներկայացրել կառավարությանը՝ պետական բյուջեի նախագծում հանրապետության տարբեր բնակավայրերի գազաֆիկացման հարցով: Մենք նպատակահարմար ենք գտնում այս թեմայով առաջիկայում քննարկումներ կազմակերպել՝ հաշվի առնելով նշված ոլորտում կառավարչի կարգավիճակի փոփոխությունը և մեր ազգաբնակչության կողմից այդ թեմայի հանդեպ հետաքրքրվածությունը:

Մենք առաջնորդվում ենք այն գիտակցմամբ, որ մեր երկրում առկա բոլոր խնդիրները հնարավոր չէ լուծել մեկ տարվա համար նախատեսված բյուջեով, ուստի և գտնում ենք, որ պետք է հնարավորինս տարբերակել առաջնայինն ու երկրորդականը, զերծ մնալ պոպուլիստական առաջարկներից և թիրախավորված ու հետևողական լուծումներ տալ առաջնահերթ խնդիրներին: Այս դիրքորոշումից, ինչպես նաև վերջին տարիներին կառավարության գործունեության հանդեպ ստանձնած քաղաքական պատասխանատվությունը պատվով կատարելու ընկալումից ելնելով «Ժողովրդավարություն» խմբակցությունը կողմ է քվեարկելու 2020 թվականի պետական բյուջեի նախագծին:

Գործող և ապագա կառավարություններին մաղթում ենք հաջողություն և շարունակական առաջընթաց՝ ի բարօրություն մեր ժողովրդի: