Ժողովրդավարների համագումարը 2020 թ. նախագահական ընտրությունների համար առաջադրել է Աշոտ Ղուլյանի թեկնածությունը

Նոյեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության հերթական՝ 6-րդ համագումարը։

Օրակարգում էին 2017-2019 թվականների գործունեության և կուսակցության առաջիկա անելիքների ու ռազմավարության մասին Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի հաշվետվությունը, կուսակցության ֆինանսա-տնտեսական գործունեության մասին կենտրոնական վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը,  Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի, Կենտրոնական վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի կազմերի ընտրությունը և 2020 թ. նախագահական ընտրություններում Արցախի ժողովրդավարական կուսակցության կողմից թեկնածու առաջադրելու մասին հարցը։

Ներկայացնելով կուսակցության Կենտրոնական խորհրդի հաշվետվությունը՝ Աշոտ Ղուլյանը անդրադարձել է հաշվետու ժամանակաշրջանում կուսակցական շինարարության, շրջաններում գրասենյակների հիմնադրման ու երկրի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ԱԺԿ մասնակցությանը։ «ԱԺԿ-ն հանրապետության քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներից է, և վերջին  20 տարիներին երկրի հանրային, քաղաքական կյանքում ժողովրդավարական կուսակցությանը հաջողվել է ձևավորել ու անխաթար պահել սեփական դիմագիծը»,- ընդգծել է կուսակցության ղեկավարը:

Արձանագրված հաջողությունների ու թերացումների վերաբերյալ ելույթներ են ունեցել «Ժողովրդավարություն» խմբակցության անդամները, կուսակցության շրջանային խորհուրդների ներկայացուցիչները։

ԱԺԿ համագումարին ողջույնի ուղերձ է հղել Եվրոպական ազատ դաշինքի նախագահ Լորենա Լոպես Դե Լակալլեն և համոզմունք հայտնել, որ Եվրոպական ազատ դաշինքի ասոցացված անդամ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը 2020 թվականին իր դիրքերը կբարելավի ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանություններում։

Այնուհետև համագումարը հաստատել է ԱԺԿ ֆինանսատնտեսական գործունեության մասին կենտրոնական վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը և ընտրել նոր Կենտրոնական խորհրդի ու վերահսկիչ հանձնաժողովի կազմերը։

Կենտրոնական խորհրդի անդրանիկ նիստում ԱԺԿ ԿԽ նախագահ է վերընտրվել Աշոտ Ղուլյանը, տեղակալներ՝ Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը։

Արցախի ժողովրդավարական կուսակցության 6-րդ համագումարը միաձայն որոշել է 2020 թվականի նախագահական ընտրություններին առաջադրել կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանի թեկնածությունը։ Համագումարի որոշմամբ Կենտրոնական խորհուրդը մինչև օրենքով սահմանված ժամկետներում նախագահի թեկնածուների և կուսակցությունների համամասնական ցուցակների գրանցումը, համագործակցության հնարավորությունների շուրջ կշարունակի համապետական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ խորհրդատվությունները։