ԱԺԿ համագումարը տեղի կունանա նոյեմբերի 30-ին

2019 թվականի նոյեմբերի 6-ին Արցախի ժողովրդավարական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԱԺԿ Կենտրոնական խորհրդի ընդլայնված նիստը՝ Կենտրոնական խորհրդի, ԱԺԿ շրջանային (քաղաքային) կառույցների խորհուրդների անդամների, ինչպես նաև գրասենյակների աշխատակիցների մասնակցությամբ: Նիստը վարում էր Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ընդլայնված նիստի օրակարգում ընդգրկված էր երեք հարց՝ կուսակցության Կենտրոնական գրասենյակի նոր ղեկավարի ներկայացումը Կենտրոնական խորհրդին, ԱԺԿ նոր խորհրդանշանի շնորհանդեսը և կուսակցության հերթական 6-րդ համագումարի և շրջանային (քաղաքային) համաժողովների ժամկետների հստակեցման և նախապատրաստական աշխատանքների հարցը:

Ներկայացնելով ԱԺԿ Կենտրոնական գրասենյակի նորանշանակ ղեկավար Սուրեն Գրիգորյանին՝ Աշոտ Ղուլյանը խոսել է կուսակցության շարքերում նրա անցած ուղու, ինչպես նաև պետական պատասխանատու պաշտոններում նրա գործունեության մասին և ընդգծել, որ գրասենյակի ղեկավարի պաշտոնում Սուրեն Գրիգորյանը շարունակելու է իր նպաստը բերել կուսակցական շինարարության գործին:

Այնուհետև նիստի մասնակիցներին է ներկայացվել ԱԺԿ նոր տարբերանշանը, որով կուսակցությունը ներկայանալու է 2020 թվականի համապետական ընտրությունների ժամանակ: «Նոր տարբերանշանը իր մեջ ներառում է վստահության, առաջընթացի և ընդհանուր տեսլականի գաղափարները և խորհրդանշելու է ժողովրդավարական կուսակցության հանձնառությունը նորացված գաղափարներով, կազմով ու ծրագրերով ներկայանալու Արցախի հանրությանը»,-նշել է կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը:

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր ԱԺԿ 6-րդ համագումարի անցկացման ժամկետներին և նախապատրաստական աշխատանքներին: Քննարկումների արդյունքում մատնանշվել են տեղերում կազմակերպվելիք աշխատանքները և որոշվել է նոյեմբերի 15-23-ը կազմակերպել շրջանային համաժողովներ, որոնց արդյունքներով էլ նոյեմբերի 30-ին կհրավիրվի կուսակցության համագումարը: Շրջանային (քաղաքային) կառույցների խորհուրդների անդամներին հանձնարարվել է տեղերում խորհրդատվություններ անցկացնել 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակի, ինչպես նաև նախագահական ընտրություններում Արցախի ժողովրդավարական կուսակցության հավանական թեկնածուների վերաբերյալ: