Հունիսի 8-ին Արցախի ժողովրդավարական կուսակցությունը մեկնարկեց ճանաչողական այցերի ծրագիր դեպի Արցախի շրջաններ։
Սկսեցինք Հադրութի շրջանից և բացահայտեցինք Դիզափայտն ու Կատարո վանքը, Տողն ու Մելիք Եգանի ապարանքը։ Դիզափայտ լեռը գտնվում է Արցախի Հադրութի շրջանում: Այն ծովի մակարդակից բարձր է 2478 մետր: Ըստ ավանդության, սարի գագաթին՝ հինավուրց Կատարո վանքի տեղում, 330-ականներին նահատակվել են մազքթաց արքա Սանեսանի զավակներն ու բազմաթիվ քրիստոնյաներ, որոնց դարձի էր բերել Սրբ Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Արցախ աշխարհի առաջին եպիսկոպոս Ս. Գրիգորիսը։ Նորահավատներին փայտերի նման դիզել են իրար վրա և այրել. այստեղից էլ առաջացել է լեռան անունը՝ Դիզափայտ
Դիզափայտի գագաթին հիմնված է
եղել Կատարո վանքը: Լեռնագագաթն Արցախի գլխավոր ու պատմական սրբավայրերից է։ Լեռնագագաթից երևում են Արցախի (Մուղանքի) դաշտավայրը, Իրանի սահմանը՝ Արաքսի հովիտը, Զանգեզուրի լեռնաշխարհը, Մռովի կատարները, իսկ ավելի մոտիկից՝ հյուսիսային կողմում, Հարոս լեռնաշղթան է։ Սյունանց աշխարհի դիմաց Մեծ քար սարն է, որի ստորոտում են գտնվում Քարինգ, Սպիտակ շեն, Փարաջանց գյուղերը։ Դրանցից հարավ՝ Զինգյանակապ գետի ձախ ափին, խոյացել է հսկա Ամու կոչվող տեղամասը, որի կողերին փռված են Արևշատ, Ամուտակ (Թեզխարաբ), Պետրոսաշեն բնակավայրերը։ Բարձունքից երևում են նաև Տումի, Մոխրենես, Հին Թաղեր, Խանձաձոր, Ծամձոր, Քարագլուխ, Սարին Շեն, Բանաձոր, Առաքել, Ցոր, Սարալանջ, Ջրաբերդ, Կարմրաքար գյուղերը:
Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում է ծվարել աշխարհում նորանոր շուկաներ նվաճող, համեստ տեսք, բայց արդեն հնչեղ անուն ունեցող «Կատարո» գինիների գործարանը: «Կատարոն» հայտնի է Արցախում, Հայաստանում, արտերկրի մի շարք երկրների շուկաներում:Մեր թիմին ևս հնարավորություն ընձեռվեց այցելել «Կատարո»-ի գործարան և մասնակցել գինու համտեսմանը: «Կատարո» ասելով բոլորը հասկանում են Արցախը:
Ի դեպ նշենք, որ ծրագիրը կկրի շարունակական բնույթ: