Հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրների քննարկման ընթացքի վերաբերյալ

Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես տեղյակ եք, ապրիլ 26-ին «Ժողովրդավարություն» խմբակցության կողմից խորհրդարանում նախաձեռնվել են լսումներ հեռահաղորդսկցության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ: Տարբեր հայտարարություններով ես տեղեկացրել եմ հանրությանը, որ լսումների առաջին փուլի արդյունքով որոշվել էր առանձին հանդիպում կազմակերպել «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության տնօրենի հետ, որից հետո քննարկումները պետք է շարունակվեն հանրային շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ՝ խորհրդրանական լսումների ձևաչափով:

Մայիսի 22-ին կայացել է հանդիպումը ընկերության տնօրենի և պատգամավորների մասնակցությամբ: Հարկ եմ համարում տեղեկացնել, որ հանդիպման ընթացքում որևէ փակ կամ գաղտնի տեղեկատվություն չի քննարկվել: Առանձին հանդիպման ամբողջ իմաստը լսումների առաջին փուլում ընկերության տնօրենի խնդրանքին ընդառաջելն էր:

Ե՛վ լսումների առաջին փուլի, և՛ առանձին հանդիպման ընթացքում ես նշել եմ և այսօր էլ վերահաստատում եմ, որ ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակն ու դրանց դիմաց գանձվող սակագները, ինչպես նաև առկա սակագներն ու բնակչության եկամուտները խիստ անհամապատասխան են: Ուստի՝ առաջիկայում կազմակերպվելու է սույն թեմայով խորհրդրանական լսումների երկրորդ փուլը՝ բոլոր շահագրգիր կողմերի և լրագրողների մասնակցությամբ:

Թո՛ղ ոչ մեկի մտքով չանցնի, որ ես իմ պատգամավորական առաքելությունը իրականացնելիս որևէ պայմանավորվածություն վեր կդասեմ հանրությանը հուզող հարցերից և ինձ վստահության քվե տված ժողովրդի շահերից:

Այս առումով ուզում եմ անդրադառնալ սոցիալական ցանցերում այս թեմայով անհիմն շահարկումներին և դրանց հեղինակներին: Կոչ եմ անում ապատեղեկատվություն տարածելու փոխարեն անկեղծ շահագրգռվածությամբ գնալ կառուցողական և անշահախնդիր համագործակցության: Կարծում եմ՝ բոլորս պետք է շահագրգիռ լինենք՝ հասնելու այս հարցի դրական և հանրության շահերը բավարարող լուծմանը, այլ ոչ թե զբաղվենք պոպուլիզմով: