Խորհրդարանական լսումներ՝ «Հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրները» թեմայով

Ապրիլի 26-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի «Ժողովրդավարություն» խմբակցության նախաձեռնությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 113-րդ հոդվածի և Ազգային ժողովի աշխատակարգի պահանջներին համապատասխան, հրավիրվել են «Հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ:

Լսումները վարող պատգամավոր Դավիթ Մելքումյանը ներկայացրել է քննարկվող հարցի կարևորությունը պետության և հանրության համար և նշել, որ խմբակցությունը շահագրգիռ է ծավալել կառուցողական քննարկումներ ոլորտում առկա խնդիրները վերհանելու և լուծումներ գտնելու համար: Լսումներին հրավիրվել են՝ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը, Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության իրավաբանական բաժնի պետ Արմեն Թովմասյանը, Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության կապի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Կարեն Գրիգորյանը, «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը, Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի վարչության պետի տեղակալ Աննա Առաքելյանը, փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը, «ԱԼՕ» նախաձեռնության համակարգող Մհեր Պողոսյանը:

Խոսելով լսումների կազմակերպման շարժառիթի մասին՝ «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ Գեղամ Ստեփանյանը ընդգծել է, որ հիմնական պատճառը հանրապետության բնակչության շրջանում տարածված դժգոհություններն են հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրներից: Պատգամավորը նշել է, որ ոլորտի վերաբերյալ կատարած ուսումնասիրությունների արդյունքում եկել է հետևյալ  նախնական եզրակացությունների. Արցախի Հանրապետությունում  հեռահաղորդակցության ոլորտի միակ օպերատոր «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ սակագներն անհամապատասխան են բնակչության եկամուտներին, ընկերության կողմից մատուցած ծառայությունների որակը չի համապատասխանում  դրանց դիմաց գանձվող գումարին:

Քննարկումների փուլի մեկնարկին «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը նշել է, որ ինքը հրաժարվում է լսումների այս  ձևաչափով տեղեկությունների տրամադրումից՝ առաջարկելով կազմակերպել առանձին հանդիպում պատգամավորների հետ:

Հարցադրումներով և առաջարկներով հանդես են եկել պատգամավորներ Գագիկ Բաղունցը, Ալյոշա Գաբրիելյանը, Գագիկ Պետրոսյանը և Արպատ Ավանեսյանը: Լսումներին ներկա շահագրգիռ կողմերը ևս ներկայացրել են իրենց տեսակետները:

Ամփոփելով հանդիպումը՝ առաջարկվել է ընդմիջել լսումները և առաջիկայում  կազմակերպել պատգամավորների հանդիպումը «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ տնօրենի հետ, որից հետո կրկին շարունակել լսումների ձևաչափով քննարկումը:

Խորհրդարանական լսումներին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, խորհրդարանի խմբակցությունների  և մշտական հանձնաժողովների ներկայացուցիչներ: