Պատանի նկարիչների նկարների ցուցահանդես նվիրված Հ. Թումանյանի 150-ամյա հոբելյանին

2019 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ հայտարարված է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և երգահան, խմբակավար, բանահավաք, մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական տարի: Այդ առիթով ողջ Հայաստանում, ինչպես նաև Արցախում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ:

Մարտի 22-ին Արցախի Ժողովրդավարական կուսակցության նախաձեռնությամբ, մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ պատանի նկարիչների նկարների ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հ. Թումանյանի ստեղծագործություններին: Միջոցառմանը մասնակցել են քաղաքի հանրակրթական բոլոր դպրոցների երեխաները: Մրցույթը հայտարարվել էր փետրվարի 10-ին:

Ժյուրիի կողմից գնահատվեցին աշխատանքները և ըստ այդմ 120 աշխատանքից 10-ը արժանացան  խրախուսանքի, իսկ 6-ը՝ մրցույթային տեղերի, որոնք ստացան  պատվոգրեր և նվերներ:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԱԺ պատգամավորներ Գ. Ստեփանյանը,            Լ. Բարսեղյանը, «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտի ռեկտոր, արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ-քանդակագործ  պրոֆեսոր  Յու.  Հովհաննիսյանը, նկարիչներ  Է. Մկրտչյանը, Հ. Մնացականյանը, ԱԺԿ գրասենյակի աշխատողներ, ուսուցիչներ, ծնողներ:

Ժյուրիի նախագահ Յու.  Հովհաննիսյանը  շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին  և բարձր գնահատեց երեխաների աշխատանքները՝  դրանք անվանելով  «մանկական հոգիների առաջին հաղթանակ»: