Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահը մասնակցում է ԵԱԴ ամենամյա վեհաժողովին

Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 7-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցության ամենամյա գլխավոր վեհաժողովին:

Չորս տասնյակից ավելի քաղաքական կուսակցությունների դաշինքի այս տարվա վեհաժողովի օրակարգային հիմնական հարցը Եվրոպական խորհրդարանի՝ 2019 թվականի մայիսին կայանալիք ընտրությունների նախապատրաստական աշխատանքների համակարգումն է, ինչպես նաև աշխարհում ազգերի ինքնորոշման իրավունքի երաշխավորման ուղղությամբ դաշինքի կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների հաշվետությունն ու անելիքների հստակեցումը:

Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավարը վեհաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ է ունեցել ԵԱԴ անդամ մի շարք կուսակցությունների պատասխանատուների հետ:

ԵԱԴ-ը եվրոպական քաղաքական կուսակցություն է, որը միավորում է քաղաքական ինքնիշխանության կամ իրենց երկրի ու տարածաշրջանի ինքնակառավարմանը ձգտող եվրոպական կուսակցություններին: Դաշինքն ինքնորոշման իրավունքի ջատագովներից է և պաշտպանում է իրենց ապագան տնօրինելու ժողովուրդների իրավունքը:

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ԵԱԴ ասոցացված անդամ է 2015 թվականից: