Այց «Արևիկ» մանկական հիվանդանոց

Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925թ.-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը`  հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:

Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային  օր 1950թ. -ին:

Այսօր, հունիսի 1-ին  Հայաստանի և Արցախի տարբեր  մարզերում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար:

Արցախի Ժողովրդավարական կուսակցության կանանց խորհրդի երիտասարդական թևի նախաձեռնությամբ  մի խումբ ԱԺԿ անդամներ`  նախագահ Սուսաննա Ավշառյանի գլխավորթությամբ, այցելեցին Ստեփանակերտի «Արևիկ»  մանկական հիվանդանոց` երեխաներին շնորհավորելու նպատակով:

Երեխաներին  հյուր էին եկել տարբեր մուլտհերոսներ և ծաղրածուներ, որոնք էˊլ ավելի տոնական դարձրին օրը: Երեխաները բարձր տրամադրությամբ ասմունքեցին , երգեցին ,պարեցին և բնականաբար նվերներ ստացան բացառապես բոլոր-բոլորը:  Իսկ  տիկին Ավշառյանի կազմակերպած խաղերն այնքան հետաքրքիր ու զվարճալի էին, որ նույնիսկ բուժաշխատողները միացան երեխաներին :   «-Օրը երեխաներինն է, դարձնենք այն տոն »,- նշեց կուսակցության կանանց խորհրդի նախագահը:

Այսօր աշխարհում քիչ չեն դեպքերը, երբ երեխաները ենթարկվում են շահագործման, որն արտահայտվում է տարբեր ձևերով` տանը աշխատանքի միջոցով, հարկադրաբար փողոցում մուրացկանությամբ զբաղվելով …

Ուստի փորձենք երեխաների համար այս օրը տոն դարձնել` գունավորելով նրանց մանկությունը, լցնել քաղաքը ուրախ ճիչերով ու ծիծաղով: Չէ՞ որ այսօրը և բոլորիս ապագան երեխաներին են պատկանում: