«Գերդաստանների խաչմերուկ»- ում

 

Փետրվարի 9-ին Արցախի Ժողովրդավարական կուսակցության կանանց խորհուրդը ` նախագահ Սուսաննա Ավշառյանի նախաձեռնությամբ, միջոցառում  կազմակերպեց  «Գերդաստանների խաչմերուկ» խորագրով: Այն նվիրված էր Ղարաբաղյան շարժման 30-ամյա տարեդարձին, որն էլ առիթ դարձավ հիշելու և մեծարելու նրանց, ովքեր իրենց մեծ ներդրումն են ունեցել Արցախյան շարժման տարիներին և մինչև այսօր շարունակում են նպաստել մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանը:

Միջոցառմանը ներկա էր Արցախի հանրապետության Ազգային ժողովի , ԱԺԿ  նախագահ Աշոտ Ղուլյանը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով: Ներկա էին  նաև Ազգային ժողովի  պատգամավորներ և «Ժողովրդավարություն» խմբակցության անդամներ:

Միջոցառման նպատակն էր դրվատանքի խոսք ասել այն մարդկանց մասին, ովքեր 3-4 սերունդ շարունակում են իրենց ծնողների մասնագիտությունը` վառ պահելով նախընտրած մասնագիտության հանդեպ ունեցած սերը և շարունակելով սերնդեսերունդ փոխանցել այն մատաղ սերնդին:

Նման գերդաստաններից է մաթեմատիկայի  փորձառու, վաստակաշատ ուսուցչուհի Նելա Գրիգորյանի գերդաստանը, որի սերն այս մասնագիտության հանդեպ արմատավորվել է դպրոցական տարիներից: Նա մեծացել և դաստիարակվել է ուսուցչի ընտանիքում: Փոքրուց տեսնելով ծնողների  անձնվեր աշխատանքն ու սերը մատաղ սերնդի  դաստիարակման գործում` ինքն էլ դարձավ ուսուցիչ: Ն. Գրիգորյանը երկար տարիներ ղեկավարել է քաղաքի հերթափոխային, այնուհետև  երեկոյան  դպրոցը, իսկ վերջին տարիներին աշխատել է N 1 դպրոցում  որպես ուսմասվար: Այսօր էլ նրա ավագ դուստրը` Գայանե Գևորգյանը, սիրով շարունակում է պապի, տատի և մոր ընտրած մասնագիտությունը: Նա աշխատում է N 1 միջն. դպրոցում որպես դասվար: Ուսուցչի մասնագիտություն է ընտրել նաև Ն. Գրիգորյանի թոռը, նա օտար լեզվի մասնագետ է:

Արվեստի գործիչների գերդաստանից  առանձնակի ուշադրության է արժանացել Աշոտ Բաբայանը, ով պարի միջոցով Արցախի դրոշը ծածանեց օտար բեմերում:Պարն այս ընտանիքում սերնդեսերունդ փոխանցվող արվեստի ճյուղ է: Պարելու կարողությունը հայրիկից ժառանգել են Ռաուլ, Մհեր և Տաթևիկ Բաբայանները, ընտանիքի հարս Նունե Փաշայան-Բաբայանը և թոռնուհի Մարտան:Նրանք շարունակում են հոր կիսատ թողած աշխատանքը` վառ պահելով սերը պարարվեստի և  հարազատ երկրամասի հանդեպ, շարունակում գեղագիտական հաճույք պատճառել ոչ միայն Արցախի հանդիսատեսին, այլև արտերկրում` իրենց հետ տանելով արցախյան մշակույթի  հմայքը: Հանրապետության վաստակավոր արտիստ Ռաուլ Բաբայանը հպարտությամբ է շարունակում հայրիկի գործը` ղեկավարելով Արցախի պարի պետական համույթը, որի ևˊ տնօրենն է, ևˊ  գեղարվեստական ղեկավարը:

Առողջապահության  բնագավառում աչքի է ընկած Մաղաքելյանների գերդաստանը: Բժիշկների մի քանի սերունդ է տվել, որոնք իրենց ներդրումն են ունեցել և շարունակում են ունենալ բազմաթիվ կյանքերի փրկության գործում: Ընտանիքի մայրը` տիկին Աշխենը, հեքիմ էր և գյուղում զբաղվում էր ժողովրդական բժշկությամբ: Միքայել և Աշխեն Մաղաքելյանները համատեղ ամուսնական կյանքի ընթացքում 8 երեխա են լույս աշխարհ բերել: Նրանցից 5-ը ընտրել են բժշկի մասնագիտությունը` իրենց ամբողջ կարողություններն ու գիտելիքները ծառայեցրել են  հայրենիքին ու ժողովրդին: Արցախյան պատերազմի տարիներին Մաղաքելյանների գերդաստանը իր արժանի ներդրումն է բերել ազատամարտիկների առողջության պահպանման գործում:  1992թ. ժամանակի պահանջով, Վալերի Մարությանը Ալեքսեյ Մաղաքելյանի և իրենց  ընկերների հետ հիմքը դրեցին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալին` փրկելով հազարավոր կյանքեր: Ալեքսեյ և Զոյա Մաղաքելյանները  ունեն 3 զավակներ` որոնք նույնպես աշխատում են ՀՀ և ԱՀ  բժշկական հաստատություններում: Այս գերդաստանում սպիտակ խալաթ կրելն ապրելակերպ է:

Միջոցառումն ուղեկցվեց պարի պետական համույթի պարերով և «Արցախի ձայներ» նախագծի մասնակիցների երգերով :