ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ – ՔՆՆԱՐԿՈՒՄ «ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ

Նոյեմբեր 14-ին  ԱրՊՀ –ում, Արցախի Ժողովրդավարական կուսակցության կանանց խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում  Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի մանկաբարձ- գինեկոլոգ Անահիտ Մաղաքելյանի և ուսանողուհիների հետ:

Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր, ԱԺԿ կենտրոնական խորհրդի  նախագահի տեղակալ Մանուշ Մինասյանը, ԱԺԿ կանանց  խորհրդի նախագահ Սուսաննա Ավշառյանը, ԱԺԿ կենտրոնական գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռայա Նազարյանը, ինչպես նաև դասախոսներ և ԱԺԿ այլ անդամներ:

Բացման խոսքով հանդես եկավ  տիկին Ավշառյանը` մեջբերելով  Գարեգին Նժդեհի հետևյալ խոսքերը. «Ազգի ապագան մոր ափերի մեջ է…» ,- և իր հերթին կարևորեց, որ ապագա սերունդը պետք է առողջ լինի:

Միջոցառման նպատակը ապագա առողջ մայրեր ունենալու գաղափարն է, իսկ ապագա մայրերը այսօրվա մեր աղջիկներն են:

Դասախոսությունն ընթացավ շատ ակտիվ, քանի որ ուսանողները համարձակ ու հետաքրքիր հարց ու պատասխան էին կազմակերպել:

«Մարդու մեջ ամեն ինչ պետք է հաճելի լինի` թեˊ հոգին ու մարմինը, և թեˊ մտքերն ու արտաքինը»,-կարևորեց  բժշկուհին, ավելացնելով,  որ արդի կինը պետք է համապատասխանի այդ չափանիշներին:

Նման ձևաչափով հանդիպումները միշտ էլ ողջունելի են և կարևոր: