Հայկական քաղաքական կուսակցությունների երրորդ համաժողովն Արցախում

Սույն թվականի հունիսի 16-18-ը  Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել hայկական կուսակցությունների երրորդ համաժողովը : Համաժողովի աշխատանքներին ՀՀ-ից մասնակցում են 14 կուսակցության, իսկ Արցախից՝ 6 կուսակցության ներկայացուցիչներ:

Միջկուսակցական համաժողովի կազմակերպիչներն են Արցախի Հանրապետության  Ազգային ժողովը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Համաժողովի պաշտոնական բացմանը մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀԿ  փոխնախագահ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և համաժողովի  մասնակիցներին է ներկայացրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը, որում մասնավորապես ասված է. «Անհրաժեշտ է մեր քաղաքական մշակույթի մեջ խարսխվել հետևյալ սկզբունքով. քաղաքական դաշտում տիրող բազմակարծությունը բնավ խոչընդոտ չէ մեր առջև  ծառացող բարդ խնդիրների շուրջ քննարկումներ ծավալելու և լուծումներ գտնելու համար: Կարևորում եմ այն հանգամանքը, որ այս անգամ որպես միջոցառման համակազմակերպիչ հանդես է գալիս նաև ԱՀ Ազգային ժողովը: Վստահ եմ, որ այս ձևաչափը կարող է կարևոր դեր կատարել հայկական քաղաքական մշակույթի զարգացման գործում»:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորել է . «Քաղաքական նման համաժողովները լավ հարթակ են հայոց պետականաշինության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, համաշխարհային և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր քննարկելու և դրանց մասին ավելի խոր պատկերացում կազմելու տեսանկյունից»:

Իր ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը. «Արցախի և Հայաստանի քաղաքական կուսակցությունները` որպես կազմակերպություններ, գտնվում են տարբեր քաղաքական և ընտրական տարածքներում, սակայն դրանք հայակենտրոն և հայանպաստ գործունեություն են ծավալում միևնույն` հայկական տարածքում: Դրանք ունեն միմյանց շատ մոտ քաղաքական ծրագրեր, քաղաքական նպատակներ, որոնք բխում են երկու պետություն ունեցող մեկ ժողովրդի առաջնահերթություններից, մեր առջև ծառացած մարտահրավերներից: Մեր կուսակցությունները ունեն բավականին հարուստ քաղաքական կապիտալ, որը կարող են արդյունավետ օգտագործել այդ նպատակներին հասնելու համար» :

Համաժողովի 2-րդ նիստին իր զեկույցով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը «Հայկական պետությունների անվտանգության հիմնահարցերը» թեմայով: Այնուհետև «Մեր անվտանգությունը և համաշխարհային անվտանգության սպառնալիքները» թեմայով հանդես է եկել ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Երկորդ լիագումար նիստը, որը վարում էր Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, վերաբերում էր հայկական պետություններում սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված քաղաքական նոր իրողություններում կուսակցությունների դերակատարությանը: Զեկույցով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը: Ելույթում մասնավորապես ներկայացվել են այն օբյեկտիվ գործոնները, որոնցով առաջնորդվելով՝ Հայաստանի Հանրապետությունը ընտրել է կառավարման խորհրդարանական, իսկ Արցախի Հանրապետությունը՝ նախագահական համակարգը:

Երրրորդ լիագումար նիստը վարել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:  «Հայկական կուսակցությունների դերը պետական-քաղաքական նոր համակարգերի իրողություններում» վերտառությամբ զեկույցով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:

Հունիսի 18-ին գումարվել է հայկական կուսակցությունների երրորդ ֆորումի  եզրափակիչ լիագումար նիստը, որը վարում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Հայկական պետությունների արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները՝ աշխարհաքաղաքական արդի զարգացումներին համընթաց» թեմայով հանդես է եկել փորձագետ Հովհաննես Իգիթյանը:

Ելույթների վերջում տեղի ունեցավ մտքերի փոխանակում , քննարկվել և ընդունվել է հայկական կուսակցությունների  երրորդ ֆորումի եզրափակիչ բանաձևը:

19145934_837895959709610_343891083629307654_n

19225961_837896053042934_8946307289171594803_n

1024