ԱԺԿ Կենտրոնական խորհրդի փոխնախագահ Մանուշ Մինասյանը մասնակցել է ԵԱԴ կուսակցության ամենամյա վեհաժողովին

Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի փոխնախագահ, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը օրերս մասնակցել է Եվրոպական ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցության ամենամյա գլխավոր վեհաժողովին: Միջոցառումը տեղի է ունեցել 2017թ. մարտի 30-ից ապրիլի 2-ը, Լեհաստանի Հանրապետության Կատովիցե քաղաքում՝  ԵԱԴ-ին անդամակցող 46 կուսակցությունների շուրջ 200 պատվիրակների մասնակցությամբ։

ԵԱԴ-ի լիագումար նիստի ժամանակ, ի թիվս այլ փաստաթղթերի, ընդունվել է  Արցախին վերաբերող հռչակագիր, որով դաշինքը վերահաստատում է իր աջակցությունը Արցախի ժողովրդի՝ ազատ ապրելու և ժողովրդավարական պետականություն զարգացնելու իր ձգտմանը, ինչի արձանագրումը 2017թ. փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեն է: ԵԱԴ-ը պահանջ է առաջադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ԵԱՀԿ գործող նախագահին և միջազգային հանրությանը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի իշխանության ապակառուցողական քաղաքականությունը և արդյունավետ միջոցներ ձեռնարկել լարվածության հետագա սրացումը կանխելու համար:

Հռչակագիրն անդրադառնում է նաև հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությանը և շփման գծում լարվածության սրացման անթույլատրելիությանը՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ։

Փաստաթղթով պահանջ է ներկայացվում Ադրբեջանի իշխանություններին՝ հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները և դադարեցնել Արցախ այցելող քաղաքացիների նկատմամբ հետապնդումները։

Եվրոպական ազատ դաշինքի ամենամյա վեհաժողովի օրերին ԱԺԿ ներկայացուցիչը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԵԱԴ մի շարք կուսակցությունների պատասխանատուների հետ:

Եվրոպական ազատ դաշինքը (ԵԱԴ) եվրոպական քաղաքական կուսակցություն է, որը միավորում է քաղաքական ինքնիշխանության կամ իրենց երկրի ու տարածաշրջանի ինքնակառավարմանը ձգտող եվրոպական կուսակցություններին։ Դաշինքը ինքնորոշման իրավունքի ջատագովներից է և պաշտպանում է իրենց ապագան տնօրինելու ժողովուրդների իրավունքը: Ինքնորոշման իրավունքը առանցքային տեղ ունի ԵԱԴ-ի ծրագրում և գաղափարախոսության մեջ։ Արցախի ժողովրդական կուսակցությունը ԵԱԴ դիտորդ-անդամ 2015 թ.-ից։

img_5849-31-03-17-05-12
img_5862-31-03-17-05-12