ԼՂՀ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ՏԵՍԱԿԵՏԸ «ԼՂՀ 2017թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

2017թ. պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովի քննարկմանն այս տարի ներկայացվել է սովորականից շուտ՝ նոյեմբերի վերջին տասնօրյակում, ինչը դրական քայլ է վերջին տարիների բյուջետային քննարկումների համար սահմանված ժամկետների տեսանկյունից:

Խմբակցությունը շահագրգիռ մասնակցություն է ունեցել ժամանակացույցով նախատեսված Բյուջեի նախագծի քննարկումների բոլոր փուլերին՝ մշտական հանձնաժողովների համատեղ, ինքնուրույն, ինչպես նաև խմբակցությունների համար նախատեսված առանձին հանդիպումների ժամանակ:
Նշված հանդիպումների և նիստերի ընթացքում «Ժողովրդավարություն» խմբակցության անդամները բարձրացրել են մի շարք կարևոր և հրատապ լուծում պահանջող հարցեր:
Դրանց մի մասը՝ որպես առաջարկություններ ու մտահոգություններ, խմբակցությունը ներկայացրել է կառավարությանը՝ ակնկալելով, որ «ԼՂՀ 2017թ. պետական բյուջեի մասին» օրենքում այդ նկատառումները հաշվի կառնվեն: Մասնավորապես առաջարկվել էր կրկնապատկել քաղաքացիական պաշտպանության համար հատկացվող գումարը: Ի դեպ, այդ գաղափարը տեղ է գտել նաև մյուս խմբակցությունների առաջարկներում, և կառավարությունն ընդառաջել է այդ համատեղ առաջարկությանը:
«Ժողովրդավարություն» խմբակցության և նրա անդամների առանձին առաջարկությունները մասամբ ընդունվել են, մյուսներն էլ, կառավարության հավաստմամբ, կուսումնասիրվեն և հնարավորության սահմաններում դրանց լուծում կտրվի:
Անվիճելի է, որ ապրիլյան պատերազմից հետո մեր բոլոր քննարկումներում տիրապետում է անվտանգության ու պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների առաջնահերթ ֆինանսավորում ու դրանց արդյունավետության նկատմամբ անհրաժեշտ վերահսկողություն ապահովելու նպատակադրությունը:
Խմբակցությունն առաջարկում է հաջորդ տարվա առաջին կիսամյակում օրենսդիր-գործադիր համատեղ քննարկում կազմակերպել՝ մեր տնտեսության առաջնահերթությունները ռազմաքաղաքական իրավիճակի պահանջներին համապատասխանեցնելու թեմայով:
Հաշվի առնելով, որ 2017 թվականը նույնպես սպասումների առումով բարդ տարի է լինելու՝ խմբակցությունը դրական է գնահատում գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթում սոցիալական ծրագրերի հասցեականությունը մեծացնելու կառավարության ցանկությունը: Միաժամանակ, խմբակցությունը կառավարության ուշադրությունն է հրավիրում նախորդ տարիներից մնացած պարտավորությունների վրա և առաջարկում այս
թեմային անդրադառնալ հաջորդ տարվա փետրվարին:
Վերահաստատելով կառավարության գործունեության համար քաղաքական պատասխանատվության հանձնառությունը՝ «Ժողովրդավարություն» խմբակցությունը կողմ է քվեարկելու 2017թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծին:
Կառավարությանը մաղթում ենք հաջողություններ եկող ֆինանսական տարում և պատրաստակամություն հայտնում անմիջական մասնակցություն ունենալ առաջնահերթ ծրագրերի իրականացման գործում:

22 դեկտեմբերի, 2016թ.