ԱԺԿ դիրքորոշումը՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ

ԼՂՀ հռչակումից եւ անկախ պետականություն կերտելու պատմական որոշումից 15 տարի անց Սահմանադրության ընդունումը թույլ է տվել իրավական նոր մակարդակի բարձրացնել պետական իշխանության ինստիտուտների կայացման եւ մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների ամրագրման  աշխատանքները:

Արցախի ժողովրդավարական կուսակցությունն իր ձեւավորման պահից Սահմանադրության մշակման եւ ընդունման խնդիրը դիտել է որպես ծրագրային նպատակ եւ ակտիվ դերակատարություն է ունեցել 2005-2006 թվականներին՝ երկրի Հիմնական օրենքի նախագծի մշակման, ինչպես նաեւ հանրային քննարկումների ու հանրաքվեի կազմակերպման ժամանակ:

2006թ. դեկտեմբերի 10-ին ընդունված Սահմանադրությունը ապացուցել է իր կենսունակությունը՝ ապահովելով երկրի բնականոն զարգացումը, ապահովագրելով քաղաքական եւ այլ բնույթի ճգնաժամային իրավիճակներից:

Այս ամենով հանդերձ, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը գտնում է, որ երկրի սահմանադրական կարգի կատարելագործման խնդիրները մշտապես պետք է լինեն իշխանությունների եւ քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով արագ փոփոխվող ժամանակների պահանջը:

Հենց այդ ընկալման հաշվառումով ԱԺԿ ծրագրում, պետական շինարարության բաժնում,  հատուկ տեղ է հատկացված պետական կառավարման համակարգի զարգացման հեռանկարին, ինչն արտահայտված է հետեւյալ ծրագրային դրույթներում.

  • հետամուտ լինել իշխանության օրենսդիր, գործադիր եւ դատական թեւերի սահմանադրական տարանջատման, նրանց միջեւ զսպման և հակակշիռների մեխանիզմների գործնական իրականացմանը,
  • նպաստել սահմանադրական արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների կայացմանը և մշտական կատարելագործմանը` ի շահ քաղաքացու ազատությունների եւ հանրային համերաշխության,
  • աջակցել տեղական ինքնակառավարման համակարգի հետագա կայացմանը:

Վերոնշյալ դրույթների իրագործումը, Արցախի ժողովրդավարական կուսակցության կարծիքով, պետք է տեղի ունենա  էվոլյուցիոն ճանապարհով, երկրում սահմանադրական բարեփոխումներ կատարելու միջոցով, որի արդյունքում  կունենանք՝.

ա/ Արցախի առանձնահատկությունները հաշվի առնող պետական կառավարման արդյունավետ եւ ճկուն համակարգ,

բ/ ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդող, մարդու իրավունքների ու ազատությունների անմիջական գործողությունը երաշխավորող սահմանադրաիրավական մոդել,

գ/ պատասխանատու քաղաքական ուժեր եւ քաղաքացիական հասարակություն, որոնք առաջնորդվում են ազգային ու պետական շահերով եւ սահմանադրական մտածողությամբ:

19 փետրվարի, 2016թ.