ԼՂՀ Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության տեսակետը «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

«ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, «Ժողովրդավարություն» խմբակցության կարծիքով, ընթացել է շահագրգիռ քննարկումների մթնոլորտում, ինչը հնարավորություն է տվել խմբակցության անդամներին իրենց հետաքրքրող հարցերը բարձրացնել ինչպես մշտական հանձանժողովների նիստերին, այնպես էլ բյուջեի քննարկումների ժամանակացույցով խմբակցության համար նախատեսված հատուկ նիստում:

Խմբակցությունը նաեւ իր գոհունակությունն է հայտնում բարձրացված հարցերի շուրջ անհրաժեշտ պարզաբանումներ եւ բացատրություններ տալու՝ բյուջետային գործընթացի մեջ ներգրաված պատասխանատուների եւ կառավարության անդամների պատրաստակամության համար:

ԼՂՀ  Ազգային ժողովի  Կանոնակարգի համաձայն, խմբակցությունը  և խմբակցության առանձին  անդամներ  գրավոր առաջարկներ են ներկայացրել բյուջեի նախագծի որոշ հոդվածների, ծախսային առաջնահերթությունների վերանայման կամ ընթացքավորման կտրվածքով, որոնք հիմնականում ընդունվել կամ հավանության են արժանացել կառավարության կողմից:

«Ժողովրդավարություն» խմբակցության ընդհանրական տեսակետը 2016թ. երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթղթի մասին այսպիսին է. պետական բյուջեի նախագիծը մշակվել է ֆինանսական կայունության ապահովման եւ սոցիալական ծրագրերի առաջնահերթությունների պահպանման սկզբունքների հիմքով, ինչը հիմնավորված է տարածաշրջանային եւ գլոբալ քաղաքական ու տնտեսական հարափոփոխ զարգացումների պայմաններում:

Խմբակցությունը կառավարության ուշադրությունն է հրավիրում նախորդ տարիներին բյուջեի նախագծերի քննարկման ընթացքում ներկայացված առաջարկների հանդեպ գործադիրի եզրակացություններով նախատեսված աշխատանքների շարունակման վրա եւ տեղին է համարում կառավարության մոտեցումը՝ ձեւավորվող իրողություններին համարժեք բյուջետային հատկացումների ծրագրումը:

Հաշվի առնելով թվարկված հանգամանքները և վերահաստատելով կառավարության գործունեության համար քաղաքական պատասխանատվության հանձնառությունը՝ «Ժողովրդավարություն» խմբակցությունը կողմ է քվեարկելու  2016թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծին:

Հաջողություն մաղթելով կառավարությանը սպասվող ոչ դյուրին ֆինանսական տարում, ինչպես միշտ, մենք նաեւ պատրաստակամություն ենք հայտնում  քննարկել եւ հստակեցնել մեր անելիքները՝ երկրի համար առաջնահերթ ծրագրերի իրականացման գործում:

Խմբակցության անունից շնորհավորում եմ նիստին ներկա բոլոր անձանց եւ մեր ժողովրդին՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

23.12.2015
ք. Ստեփանակերտ