Աշոտ Ղուլյանի ողջույնի խոսքը ԱԺԿ տոնական միջոցառմանը

Սիրելի ԱԺԿ-ականներ,
Թանկագին բարեկամներ

Նախեւառաջ ուզում եմ ջերմորեն ողջունել բոլորիդ՝ 2016 թվականի մեր առաջին հանդիպմանը եւ հաճելի օր մաղթել:

Մենք հաճախակի չենք հանդիպում այսպիսի ձեւաչափով, ուստի առաջարկում եմ օրն օգտագործել բոլոր առումներով առավելագույնը ստանալու համար՝ հաճելի ժամանցից, մտերիմ մարդկանց հետ շփումներից, մեր համատեղ ծրագրերի շուրջ մտքերի փոխանակությունից:

Ուղիղ 11 տարի առաջ, հենց այս օրը՝ հունվարի 30-ին, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը պետական գրանցում է ստացել՝ որպես ինքնուրույն քաղաքական ուժ: Ի դեպ, հատուկ զուգադիպություն չկա.  պարզապես այսօրվա միջոցառումը համընկել է հիշարժան տարեթվի հետ:

Ձեզ չէ, որ պետք է բացատրեմ, որ ԱԺԿ-ն հենց այնպես չի ստեղծվել. այն ԺԱՄ հասարակական-քաղաքական շարժման, ապա՝ կազմակերպության իրավահաջորդն է եւ նույն գաղափարախոսության շարունակողը:

Համարյա մեկ ամիս առաջ, երբ տարեվերջի մեր Կենտրոնական խորհրդի նիստում քննարկում էինք հունվարին հանդիպում կազմակերպելու հարցը՝ միջոցառման ուղղվածության մասին մի քանի տեսակետներ են առաջարկվել. առաջինը, որ ճիշտ կլինի կուսակցության 15 ամյակին այն նվիրել: Սակայն այդ տարեդարձը 2015թ. ապրիլին է լրացել, իսկ այդ օրերին նախընտրական արշավն ամենաեռուն ընթացքի մեջ էր: Եվ հետո, մենք այս պահին ավելի շատ 16 ամյակին ենք մոտիկ, քան՝ 15-ին: Մյուս կարծիքը, որ անցած տարին ամփոփելու, նորը՝ պլանավորելու համար է պետք միջոցառում անել: Երրորդ կարծիքի մասին արդեն նշեցի՝ ԱԺԿ-ի գրանցման օրն է նաեւ, ահա այսպիսի տեսակետներ: Ի վերջո, միջոցառման կազմակերպման համար ձեւավորված ոչ մեծ խմբով որոշեցինք, որ հոբելյանների ու տարեթվերի վրա չենք սեւեռվում, որովհետեւ բոլոր վարկածներն էլ ճիշտ են, բայց ոչ ամբողջական:

Հավանաբար տոնական միջոցառման համար իմ խոսքը մի քիչ երկար է լինելու, բայց մի փոքրիկ գաղտնիք բացեմ. կուսակցական կամ քաղաքական գործչի համար ցանկացած միջոցառում ի վերջո վերածվում է ժողովի: Մենք այսպիսի կազմով հազվադեպ ենք հավաքվում, ուստի այս հանդիպումն ընդունենք որպես կուսակցական կառույցների ընդլայնված նիստ-հավաք եւ ես ուզում եմ քանի թեմաներ առաջարկել ձեզ՝ մտորելու եւ դրանից հետեւություններ անելու համար:

  1. Ի՞նչ է կուսակցությունը: Կարելի է, իհարկե, դասագրքային սահմանումներ մեջբերել, բայց կասեմ այնպես, ինչպես ես եմ հասկանում. դա համախոհ մարդկանց, նույն աշխարհայացքի, փիլիսոփայության, նույն մարդկային որակների ու բարոյական հատկանիշների անձանց քաղաքական միավորում է, որը հավակնություններ ունի այդ կենսակերպը տարածել իր շրջապատի, երկրի վրա, այսինքն հանդես գալ որպես իշխանություն: Նայեք ձեր կողքին եւ կհամոզվեք, որ մենք պատահական չենք նույն քաղաքական կազմակերպության մեջ:
  2. Ինչու՞ հենց ԱԺԿ-ն: Մենք կարծես ավելի քիչ ենք տեղ ենք սկսել տալ կուսակցության ակունքներին, նախապատմությանը, բայց դա պետք է միշտ լինի մեր հիշողության մեջ. մեր համախմբումն Արցախի համար շատ կարեւոր ժամանակաշրջանում է սկսվել, երբ մենք լուրջ ընտրության առջեւ էինք կանգնած՝ ինչպես խաչմերուկում: Դեպի ու՞ր գնալ՝ մեր ժողովրդին հատուկ իմաստության ճանապարհով՝ դեպի հանրային համերաշխություն, պահպանելով փոխադարձ հարգանքն ու արժանապատվությունը, թե՞ տառապած ու զոհաբերություններով ազատագրված երկիրը «իմ ու քո» անելու, մարդկանց՝ գլխավոր եւ երկրորդական դասելու ու, այդպես՝ հայրենիքը կորցնելու ճանապարհով:

Շատ մեծ ընտրություն չկար. ինչպես 1988 թվականին, այս անգամ էլ ժողովրդի ապագան վտանգված լինելու մասին ահազանգը երկրի մտավորականությունը հնչեցրեց ու հայտարարեց նվաճածը պաշտպանելու վճռականության մասին:

Նորից նայեք ձեր շուրջը եւ կհասկանաք, որ ԱԺԿ շարքերում մանկավարժների, բժիշկների, գիտության, արվեստի, մշակույթի գործիչների, պետական կառավարման համակարգի, արտադրության փորձված ու պատասխանատու գործիչների ներկայությունը նույնպես պատահական ձեւով չի ստացվել:

Եվ վերջապես երրորդ՝ վերջին շեշտադրումը. ի՞նչ ունենք այսօր եւ ու՞ր ենք գնում:

Կարծես թե ամեն ինչ արդեն եղել է մեր տարեգրության մեջ. եւ մեծ ոգեւորություն եւ խորը հիասթափություն:  Եվ ամենամեծաթիվ քաղաքական ուժը եւ 2-րդ ու 3-րդ տեղերի գլխավոր հավակնորդ:

Ի՞նչ է կատարվում: Հազիվ թե հայտանգործություն լինի իմ ասածը, բայց իրականությունն այն է, որ մեր ռեսուրսը գնալով մաշվում է: Ուրիշ կերպ հնարավոր չէ, եթե մենք այդ ռեսուրսը (մարդկային, նյութական, կազմակերպչական) չենք լրացնում՝ եղածը կամաց-կամաց սպառվում է: Քաղաքական համակարգում մրցակցության կանոնները դաժան են, դու չես կարող մշտապես օգտվել նախկին հաջողությունների դափնիներից:

Հնարավոր չէ 15 եւ ավելի տարիներ նույն քաղաքական պատրաստվածությամբ ու պաշարով մշտապես հասնել հաջողության, հասարակությունը մշտական ուշադրություն, հոգատարություն եւ թարմություն է պահանջում: Ի դեպ, դա վերաբերվում է ոչ միայն ԱԺԿ-ին:

Ունե՞նք մենք այն ներուժը, որ կօգնի մեզ կոնկրետացնելու եւ թարմացնելու  մեր գործունեությունը:

Միանշանակ՝ այո
Հաստատապես՝ այո:

Եթե նորից նայենք մեկմեկու, ապա կտեսնենք, որ մեր պատասխանատվությունից ու անելիքներից է կախված ոչ միայն մեր, այլեւ մեր զավակների, թոռների ապագան, իսկ այս իրողությունն արդեն իսկ ուղեցույց է մեր ապագա գործունեության համար:

Մենք իրավունք չունենք անտարբեր լինել մեր երկրում եւ հայկական աշխարհում տեղի ունեցող զարգացումների հանդեպ: Միայն վերջին մեկ տարում աշխարհում այնքան շատ բան է փոխվել, որ կարիք չկա բացատրել նոր ու բազմաշերտ մարտահրավերների մասին:

Շատ շուտով մենք մի նոր, քաղաքական լուրջ գործընթացի մեջ ենք մտնելու, որը կապված է սպասվող սահմանադրական փոփոխությունների հետ: ԱԺԿ-ի փորձն այս ոլորտում, կարծում եմ, նոր չէ, որ պիտի բացահայտվի:

Ցանկանում եմ պահն օգտագործել եւ մեր կուսակցության հիմնադիրներին, հնաբնակներին շնորհակալություն հայտնել՝ փոխանցելով նրանց մեր բարեմաղթանքները:

ԱԺԿ-ում այսօր ձեւավորվել ու գործում է երիտասարդ գործիչների մի խմբակ, որն ունակ է եւ պետք է ձգտի իր սերնդակիցներին բերել կուսակցություն եւ օգտագործել կուսակցության հնարավորությունները՝ այդ մարդկանց ներուժը բացահայտելու եւ երկրի շահերին այն ծառայեցնելու համար:

Մի 5-10 տարի հետո մեր քաղաքական ընտանիքի կենսագրությունը ընդհուպ մոտենալու է մի սերնդի ամբողջական տարիքի, այնպես, ինչպես հիմա մոտենում ենք անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25 ամյակին:

Այս հոբելյանների, տարիների հաշվարկների մեջ ձեզանից ամեն մեկն ունի իր ընդգծված դերակատարությունն ու տեսանելի մասնակցությունը, բայց միայն համատեղ ուժերով է մեզ հաջողվում հյուսել մեր քաղաքական ընտանիքի կերպարն ու դիմագիծը:

ԱԺԿ-ն 16 տարեկան է, բայց դա միայն սկիզբն է: