ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է ԱԺԿ երիտասարդական թևի ներկայացուցիչներին

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն օգոստոսի 14-ին, ընդունել է Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) երիտասարդական թևի ներկայացուցիչներին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանն Ա. Թովմասյանը կարևորել է ԱԺԿ անդամների դերը երիտասարդական խորհրդարանի կայացման և զարգացման գործում:
Նրա խոսքով՝ երիտասարդական խորհրդարանի պատգամավորների թիվը պետք է համապատասխանի 2020 թվականի համապետական ընտրությունների արդյունքում ընտրված պատգամավորների թվին: Խորհրդարանում կարևոր դեր ունեն նաև իգական սեռի ներկայացուցիչները, ինչը, ենթադրում է, որ տղաների և աղջիկների հավասարությունը պետք է պահպանվի:
«Երիտասարդ խորհրդարանականները պետք է ակտիվ մասնակցություն ունենան քաղաքական դաշտում: Պետք է լինեն բանիմաց, խելամիտ, նպատակասլաց, հարգալից և նախաձեռնող: Երիտասարդական խորհրդարանը, բնականաբար, օրենքներ չի ընդունելու: Մինչև սեպտեմբերի վերջ կձևավորենք այդ խումբը և կհստակեցնենք, թե ով ինչ պարտականություն է ունենալու: Երիտասարդները պետք է կարողանան արտահայտել և պաշտպանել իրենց կուսակցության տեսակետները: Երիտասարդական խորհրդարանի առաջին նիստը կվարի տարիքով ամենամեծ երիտասարդ պատգամավորը, որին կմասնակցեն նաև ԱԺ գործող պատգամավորներ: Որպես ԱԺ նախագահ, պարբերաբար հանդիպումներ եմ կկազմակերպելու երիտասարդ խորհրդարանականների հետ, որի ժամանակ վեր կհանենք խնդիրները և կնախանշենք հետագա անելիքները: Պետք է գործենք միասնական ուժերով. մենք՝ փորձառու պատգամավորներս, կփորձենք օգտակար լինել մեր գիտելիքներով և գործով»,-մասնավորապես ասել է ԱԺ նախագահը: