Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության օրն է՝ մեր ինքնուրույն, ինքնիշխան պետականության ծննդյան օրը: 29 տարի ա ռաջ մեր ժողովուրդը հերթական անգամ դրսևորեց իր ազատատենչ ոգին և հզոր կամքը: Հռչակելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը, մենք ոչ միայն պատմական արդարությունը վերականգնելու նպատակ ունեինք, այլև ազդարարեցինք հայ ժողովրդի պատմության ընթացքում անկախության համար մղվող շարունակական պայքարի հաղթական ավարտն ու նոր ձեռքբերումների սկիզբը:
Անկախության տարիներին գրանցած հաջողությունների մասին շատ կարելի է խոսել, բայց միայն մեկը հերիք է, որպեսզի խոնարհվենք ու փառք տանք բոլոր մեր նահատականերին, ովքեր իրենց կյանքի գնով ապահովեցին մեր հայրենիքի ապագան՝ դա ազատ մտածող անկախության սերունդն է, որ պատասխանատվություն ստանձնել ու խաղաղություն պարտադրել գիտե և պատրաստ է շարունակել պետական շինարարության ամենօրյա աշխատանքը՝ միասնական հայկական պետություն ունենալու հեռանկարով:
Ուրեմն, շնորհավորենք բոլորին. ովքեր ընդունել են այդ համարձակ որոշումը, ովքեր պաշտպանել են այդ վճիռը բոլոր ճակատներում և ովքեր այսօր պատրաստ են առաջ ընթանալ նույն ուղիով: Բոլորին՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում: