Հուլիսի 1-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) հերթական՝ 5-րդ համագումարը:
Համագումարի օրակարգը ներառում էր ԱԺԿ Կենտրոնական խորհրդի հաշվետվությունը 2014-2017թթ. գործունեության և կուսակցության առաջիկա անելիքների ու ռազմավարության մասին, վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը, ԱԺԿ կենտրոնական խորհրդի, կենտրոնական վերստուգիչ – վերահսկիչ հանձնաժողովի կազմերի ընտրությունը, ԱԺԿ դիրքորոշումը՝ խորհրդարանի կողմից առաջիկայում Արցախի Հանրապետության նախագահի ընտրության հարցում:
ԱԺԿ խորհրդի նախագահ, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ամփոփելով եռամյա աշխատանքը, անդրադարձել է վերջին խորհրդարանական ընտրություններում կուսակցության մասնակցությանը, սահմանադրական բարեփոխումների գործընթացին կուսակցության ակտիվ դերակատարությանը, միջազգային համագործակցության ոլորտում ձեռնարկված քայլերին: Զեկույցում ուրվագծվել է արտաքին քաղաքականության, տնտեսական զարգացման հեռանկարների, կրթության ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների, ՏԻՄ համակարգի կատարելագործման և ԱԺԿ ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղղությամբ առաջիկա անելիքների ընդհանուր պատկերը:
Համագումարին ներկայացվել է նաև վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը՝ վերջին երեք տարիներին կուսակցության ֆինանսական-տնտեսական և կազմակերպչական գործունեության մասին:
Ելույթներով հանդես են եկել Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար, Կենտրոնական խորհրդի նախագահի տեղակալ Վարդգես Բաղրյանը, կանանց խորհրդի նախագահ Սուսաննա Ավշառյանը, Ստեփանակերտի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ Սվետլանա Դավթյանը, Ասկերանի շրջանային խորհրդի նախագահ Կառլեն Մայիլյանը, կենտրոնական գրասենյակի ղեկավար Գեղամ Ստեփանյանը:
Կանոնադրության համաձայն համագումարում տեղի է ունեցել նաև կուսակցության բարձրագույն մարմինների ընտրությունները: Ընտրվել է 25 հոգուց բաղկացած Կենտրոնական խորհուրդ և երեք հոգանոց կենտրոնական վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողով: Կենտրոնական խորհրդի նախագահ է վերընտրվել Աշոտ Ղուլյանը:
Օրակարգային վերջին հարցով ելույթ է ունեցել ԱԺԿ Ստեփանակերտի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ Սվետլանա Դավթյանը, ով համագումարին առաջարկություն է ներկայացրել լիազորել «Ժողովրդավարություն» խմբակցությանը հուլիսին խորհրդարանի կողմից նախագահի ընտրություններում առաջադրելու Բակո Սահակյանի թեկնածությունը:
«Ինձ համար դա մեծ պատիվ է և հպարտություն, որովհետև ես ձեզ երաշխավորում եմ մի մարդու, ով եղել է իմ աշակերտը և ով նախորդ տասը տարիներին իր գործով ու անցած ճանապարհով արդարացրել է Արցախի հայության առաջնորդը լինելու համաժողովրդական վստահությունը»,- նշել է Սվետլանա Դավթյանը:
Համագումարը միաձայն ընդունել է առաջարկը, ինչպես նաև կուսակցության առաջիկա անելիքների մասին որոշումը:
ԱԺԿ մամուլի ծառայություն
01 հուլիսի, 2017թ.