Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումը

Սույն թվականի մայիսի 21-22 ԼՂՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումը:

Մինչ ֆորումի պաշտոնական բացումը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան հերոսամարտում զոհված տղաների և խաղաղ բնակչության հիշատակը:

Միջոցառմանը, որին ներկա էին ԼՂՀ  ԱԺ  նախագահ Աշոտ Ղուլյանը և ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, հրավիրված էին ՀՀ  և  ԼՂՀ  Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:

Ֆորումին բացման խոսքով հանդես է եկել  ՀՀԿ  նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը: Այնուհետ մասնակիցներին իրենց ուղերձներով դիմեցին ՀՀ  և  ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը:

Ֆորումին ելույթով հանդես եկավ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների և ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանը:

«Այս երկրորդ ղարաբաղյան պատերազմը էապես տարբերվում է առաջին պատերազմից: Երկրորդը միջպետական պատերազմ էր, առաջինը` իմ կարծիքով հայրենիքի պաշտպանություն էր, դա բանակների պատերազմ չէր…Այսօր ապրիլի I օրերին այս պատերազմը առանձնացավ հենց դրանով, որ ակնհայտորեն երևաց , որ պետությունը կռվում է պետության հետ: Սա պիտի կարևոր նախանշան լինի մեր կյանքի մնացած ոլորտներում վերանայումների լուրջ աշխատանքների համար», – նշել է նա՝ կարևորելով կուսակցությունների նշանակությունը պետության համար:

 Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության  ղեկավար Խոսրով Հարությունյանը: «Կուսակցության նպատակը պետք է լինի իր գաղափարախոսության ադեկվատ հանրային կյանքը կազմակերպելը», – ընդգծել էր նա:

            Երկրորդ նիստի թեման  էր Կուսակցությունների դերը արտաքին քաղաքականության մեջ: Նիստին  ելույթով հանդես է եկել միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքով, ապրիլյան իրադարձությունները ստիպում են մեզ վերանայել ամեն ինչ, այդ թվում և քաղաքական համակարգում և գիտակցել կատարված քայլերն ու  անելիքները, այդ թվում կուսակցությունների կողմից:

«Կուսակցությունները, որպես քաղաքական կյանքի կազմակերպման, այնուամենայնիվ միակ և ամենապրոֆեսիոնալ միավորներ, արտաքին քաղաքականության ոլորտում պետք է օգտագործեն ողջ պոտենցիալը, կարողությունները զարգացնելու և այլ նպատակների համար», – հավելեց Սաֆարյանը.«Եթե մենք հերթական անգամ կանգնելու ենք պատերազմի նախաշեմին, ուրեմն պիտի խոստովանենք, որ մեր քաղաքականությունը ճիշտ չի եղել, այլապես մենք այդ իրավիճակում չէինք հայտնվի» :

            Ելույթների վերջում տեղի ունեցավ մտքերի փոխանակում:

Մայիսի 22-ին ֆորումի երկրորդ օրը, ֆորումի մասնակիցներին ողջունեց  ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: «Երևի թե այս աշխատանքը նաև մեզ հուշում է, որ այսպիսի միջոցառումներ Արցախում` Ստեփանակերտում, անցկացնելու գաղափարը ինքնին ճիշտ է, արդարացված է», նշել է նա:

«Մեր պատասխանատվությունը կհերիքի, որպեսզի առաջիկա տարիներին մենք մեր գործունեությամբ, քաղաքական մեր ակտիվությամբ կարողանանք նաև բավարարել այն բոլոր սպասումները, որ կա հանրային քաղաքական շրջանակների մեջ»,- հավելեց ԼՂՀ ԱԺ նախագահը:

Ա.Ղուլյանը նշեց, որ  երկու տարի  առաջ  Արցախի ժողովրդավարական կուսակցությանը հաջողվել է լուրջ կապեր հաստատել Եվրոպայի Ազատ դաշինքի քաղաքական ընտանիքի հետ:

Այդ համատեքստում նա ընդգծեց, որ Հայաստանի քաղաքական դաշտի դերակատարները անպայման պետք է հաշվի առնեն միջազգային գործընթացներում արցախյան քաղաքական կուսակցությունների մասնակցության հնարավորությունը, նաև գործնական մակարդակում:

«Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված մեր կուսակցությունները բոլորն էլ պատրաստ են իրենց մասնակցությունը բերեն թե´ ներքաղաքական քննարկումների մեջ հստակեցնելու համար մեր բոլոր տակտիկական խնդիրները, թե´ նաև ընդհանուր միջազգային հարթակներում մեր ռազմավարական խնդիրը  ԼՂՀ միջազգային ճանաչմանը հասնելու նպատակով», -եզրափակել է Ա. Ղուլյանը: