ԱԺ լիագումար նիստում

Մարտի 24-ին տեղի է ունեցել վեցերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:

Նիստի ընթացքում ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, «Ժողովրդավարություն» խմբակցության անդամներ Ժաննա Գալստյանն ու Դավիթ Մելքումյանը հարցեր առաջադրեցին Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանին` կապված հեռուստառադիոհաղորդումների բովանդակության, տեխնիկական ապահովվածության, եթերաժամի ու որակի հետ:

Ի պատասխան Դավիթ Մելքումյանի այն հարցին, թե Արցախում կա՞ արդյոք անկախ կազմակերպություն, որն ուսումնասիրում է հանրային կարծիքն ու զբաղվում է Արցախի հանրային հեռուստառադիոընկերության ու հեռարձակվող հաղորդումների ռեյտինգով, Նորեկ Գասպարյանը նշեց. «Ծրագրերի քաղաքականությունը որոշում է խորհուրդը, իսկ վարկանիշը որոշելու համար ցավոք չունենք համապատասխան տեխնիկական միջոցներ:Մենք դիմում ենք մասնագիտությանը տիրապետող մարդկանց, ովքեր տարբեր բնակավայրերում, տարբեր տարիքի, տարբեր մասնագիտության տեր մարդկանց հետ կատարում են աշխատանքներ, այնուհետև ընդհանրացնում ու ներկայացնում մեզ: Մենք էլ մեր հերթին օգտվելով դրանցից` որոշում ենք տվյալ ծրագրի վարկանիշը: Նաև մեր համալսարաններում ունենք բաժիններ, որոնք զբաղվում են այդ հարցով»:

Պատգամավոր Ժաննա Գալստյանն իր հերթին նշել է, որ հավանություն է տալիս «Մեր գյուղը» հաղորդաշարին և միշտ հետևում է լրատվական բլոկին, ավելացնելով.

«Անշուշտ ունենալով այսքան հեռուստատեսությունների,ալիքների բազմազանություն` ցանկացած մարդ կարող է ցանկացած ալիք միացնել իրեն հետաքրքրող նյութ դիտել: Վստահ կարող եմ ասել, որ Հայաստանի տարածաշրջանում շատ հեռուստաալիքներ կան, որոնք շատ պրոֆեսիոնալ, բարձր մակարդակի հաղորդումներ են պատրաստում, բայց ամեն մի ալիք մեկ-մեկ այնպիսի լպիրշություն ու սերունդը ապականելու մի տեսարան է հեռարձակում, որ կամա թե ակամա փոխում ես ալիքը:Այդ տեսակետից ինձ թվում է, ինչպես Ղարաբաղն  է մնում էկոլոգիապես մաքուր` բարոյական առումով, նույնն էլ մեր հեռուստաընկերությունն է: Դա ինձ համար մի մեծ «պլյուս» է: Խնդրում եմ չկորցնել այդ «գանձը», այդ ձեռքբերումը ռեյտինգը բարձրացնելու կամ հեռարձակման ժամերը ավելացնելու ժամանակ»:

 

Zhanna